2021թ. ապրիլի 12-ն Բաքվում բացվեց «Ռազմաավարի պուրակը», որտեղ ցուցադրված են Արցախյան Երկրորդ պատերազմի ընթացքում «որպես ռազմաավար վերցված» հայկական զինտեխնիկա, հայ զինվորների սաղավարտներ: «Պուրակում» տեղադրված են ծաղրական բնույթի մոմե արձաններ, որոնցով պատկերվում են տարբեր «տեսարաններ», այդ թվում՝ գերեվարելու: Նշված «տեսարանների» և «արձանների» հիմնական նպատակը հայ զինվորների կերպարի նվաստացումը, մարդու արժանապատվությունը ոտնահարելն է:
Ադրբեջանի իշխանությունները կազմակերպել էին «պուրակի» բացման մեծ «արարողություն», որը լուսաբանել են ադրբեջանական բոլոր խոշոր լրատվամիջոցները: «Պուրակի» վերաբերյալ տարբեր ելույթներ են ունեցել նաև ադրբեջանցի պաշտոնյաները, այդ թվում՝ այդ երկրի նախագահը: Կազմակերպվել են քաղաքացիների այցելություններ՝ առանց տարիքային խտրականության: Ադրբեջանի ղեկավարության նշված քաղաքականությունը հստակ ի ցույց է դնում, որ նրանք ոչ միայն չեն հրաժարվում պետական մակարդակով հակահայկական քարոզչությունից, այլ նաև շարունակում են խրախուսել այն և ավելի ամրապնդել սեփական հասարակության շրջանում:
Նշված և այլ խնդիրներին «Սպանված հայ զինվորների և շղթայված գերիների պուրակ Բաքվում. մարդկային տառապանքների թանգարան և ռասիզմի խթանում» վերնագրով արտահերթ զեկույցում ծավալուն անդրադարձ է կատարել ՀՀ Մարդու իրավունքի պաշտպան Արման Թաթոյանը:
Զեկույցում ներկայացվել են հայ զինվորների կերպարը ծաղրող մոմե արձանների նկարները, որոնք լայնորեն տարածվել են սոցցանցերի ադրբեջանական տիրույթում և լրատվամիջոցներում: Այդ թվում ադրբեջանական դաշտում ակտիվորեն տարածվել են լուսանկարներ, որտեղ երեխաները բռնություն են գործադրում «հայ զինվորների նկատմամբ»:
Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցում ներկայացվել են նաև սոցիալական ցանցերում «պուրակը» խրախուսող նկարներ, մեկնաբանություններ, որոնցում օգտատերերը կիրառել են թշնամանքը և բռնությունը խրախուսող արտահայտություններ, տարածել ծաղրական և նվաստացուցիչ լուսանկարները: Օրինակ՝
- «Վազգեններին շան պես կապել են, որ չփախչեն»:
- «Շնորհակալություն այն մարդկանց, որոնք աշխատել, պատրաստել են այս մոդելները: Ստորներին, անամոթներին, անբարոյականներին, դավաճաններին, խորամանկներին, դահիճներին բնորոշ բոլոր գծերը ամենայն ճշգրտությամբ պատկերել են»:
- «Հաջորդ կանգառը՝ Երևան, Զանգեզուր, Գյոյչա (Սևան)»:
- «Ցանկանում եմ, որ այս ավարի ու մոդելների ցուցադրությունը երկարաժամկետ լինի, որովհետև ապագա սերունդը պետք է ճանաչի ազգի թշնամուն և ատելությամբ հիշի»:
- «Ընկերներ, ասեք տեսնեմ այս մոդելների վրա անամոթների աչքերը ինչ էլ մեծ են: Կեցցե՛ն ստեղծողները: Կարծես անօդաչուի գալուց են վախենում: Երկրորդ մոդելի դեպքում մեր պարոն Նախագահի իրավացի խոսքն է. «Ի՞նչ եք առնետի պես թաքնվել այստեղ-այնտեղ» և այլն:
Զեկույցում անդրադարձ է կատարվել նաև «պուրակի» վերաբերյալ միջազգային մարմինների և լրատվամիջոցների դատապարտող հայտարարություներին ու մեկնաբանություններին:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը նշել է, որ զեկույցը կուղարկվի միջազգային կառույցներին՝ հատուկ նշումով այն մասին, որ տասնամյակներ շարունակ ադրբեջանական իշխանությունների նման հայատյաց ու թշնամանքի քարոզի քաղաքականությունն է, որ հանգեցրել է պատերազմի ընթացքում խոշտանգումների, դաժանությունների, իսկ այժմ բացարձակ խաթարում է խաղաղությունն ու համերաշխությունը տարածաշրջանում:
Զեկույցն ամբողջությամբ տե՛ս՝ Ombuds.am: