Արբանյակային լուսանկարները (2021թ. հուլիս) ցույց են տալիս, որ Արցախի Հադրութի շրջանում ադրբեջանցիները ոչնչացրել են և մեկ հուշահամալիր:
Խոսքը, մասնավորապես, Հադրութի շրջանի Ազոխ գյուղի Երկրորդ աշխարհամարտին և Արցախյան առաջին ազատամարտին նվիրված հուշահամալիրի մասին է: Նախքան ադրբեջանական օկուպացիան հուշահամալիրի տարածքում վեր էին խոյանում երեք առանձին հուշարձաններ՝ նվիրված Երկրորդ աշխարհամարտում, Արցախյան առաջին պատերազմում զոհվածների և Ցեղասպանության զոհերի հիշատակին (Տե՛ս նկար 1):
Պատերազմից հետո սոցցանցերի ադրբեջանական տիրույթում հրապարակված տեսանյութերն ու լուսանկարները թույլ են տալիս ենթադրել, որ գյուղի բռնազավթումից առնվազն մի քանի ամիս հուշահամալիրի հուշարձանները մասամբ դեռևս կանգուն էին:
Այսպես, օրինակ, Ադրբեջանի Հանրային հեռուստատեսության տեսանյութից երևում է, որ հուշահամալիրի տարածքում բացակայում է Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձանը, սակայն հուշահամալիրը ամբողջությամբ ավերված չէ:
Իսկ արդեն 2021թ. հուլիս ամսվան թվագրվող արբանյակային լուսանկարներից երևում է, որ հուշահամալիրի տարածքը գրեթե ամբողջովին ավերված է, քանդված են հուշահամալիրի պատերը, աստիճանները, ոչնչացված էԱրցախյան առաջին պատերազմում զոհվածներին նվիրված հուշարձանը, բացակայում է Ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձանը և նշմարելի չէ Երկրորդ աշխարհամարտին նվիրված հուշարձանը: