Ադրբեջանը Արցախի բռնազավթված տարածքներում շարունակում է մշակութային եղեռն իրագործել: Թիրախում Արցախի Մարտակերտի շրջանի, առայժմ օկուպացված Թալիշ գյուղի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին է:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2021թ. հոկտեմբերի 4-ին այցելել էր Արցախի բռնազավթված Թալիշ գյուղ, եղել՝ Թալիշի հայկական եկեղեցում և այնտեղ հայերին մեղադրել «կեղծարարության» մեջ, իսկ եկեղեցին անվանել «ալբանական»: Սակայն հենց Իլհամ Ալիևի՝ եկեղեցում գտնվելու տեսանյութը փաստում է, որ պատմության կեղծարարությամբ զբաղվում են հենց ադրբեջանցիները՝ և հենց նախագահի մակարդակով: Տեսանյութում ակնհայտ երևում է, որ եկեղեցուց համակարգված ձևով ջնջվում են հայկական մշակութային հետքերը:
Այսպես, այդ նույն տեսանյութում ակնհայտ կերպով երևում է, որ ադրբեջանցիները հանել են եկեղեցու դուռը, որի վրա խաչ էր պատկերված, ջարդել, հատակին գցել՝ եկեղեցու պատուհանները:
Սա հայկական մշակույթի բացահայտ ոչնչացման առաջին դեպքը չէ: Ամիսներ առաջ Իլհամ Ալիևը Հադրութ կատարած այցի ընթացքում հանձնարարել էր իրեն ուղեկցող պաշտոնյաներին ջնջել Ծակուռի գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցու հայկական արձանագրությունները։
Իլհամ Ալիևի՝ հայկական եկեղեցիների «ալբանականացման» վերաբերյալ բոլոր հայտարարությունները, եկեղեցիների արձանագրությունները ջնջելու հանձնարարականները, Թալիշի եկեղեցու դռների, պատուհանների ոչնչացումը ցույց են տալիս, որ Սուրբ Ամենափրկիչ հայկական առաքելական եկեղեցին վտանգված է և չի բացառվում, որ կարժանանա օկուպացված տարածքներում գտնվող մյուս եկեղեցիների կամ Ադրբեջանի տարածքում գտնվող հայկական այլ եկեղեցիների նույն ճակատագրին:
*Թալիշի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին կառուցվել է 19-րդ դարում: Եկեղեցին եռանավ բազիլիկա է՝ կառուցված սրբատաշ և կոպտատաշ դարչնագույն քարերով։ Հուշարձանի չափսերն են՝ 21.75 մ երկարություն, 13.1 մ լայնություն և 8.5-9 մ բարձրություն։ Միակ մուտքը բացվում է հյուսիսային կողմից։ Հարավային կողմից նախկինում ունեցել է մուտք, որն այժմ փակված է։ Տարբեր կողմերից բացվում են 9 պատուհաններ։