Արցախում վարձկանների ներկայության մասին վկայություններ. մաս 2-րդ

Ինչպես արդեն ներկայացրել ենք հոդվածի առաջին մասում՝ Արցախյան 2-րդ պատերազմին մասնակցած մի շարք սիրիացի վարձկաններ՝ իրենց հավաքագրելու, այնուհետև Թուրքիա և Ադրբեջան տեղափոխվելու և Արցախում մարտական գործողություններին մանակցելու վերաբերյալ մանրամասներ են ներկայացրել միջազգային հեղինակավոր լրատվամիջոցների։

Վարձկանները Արցախյան պատերազմին իրենց ներգրավման վերաբերյալ բազմաթիվ մանրամասներ հայտնել են նաև տարբեր արաբական լրատվամիջոցների։ Այդ տեղեկություններից զատ, գրոհայինները պատերազմի ընթացքում նկարահանել և սոցցանցերում տարածել են մարտական գործողությունների տեսարաններ, որոնց ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ դրանք տեսագրվել են Արցախի տարբեր հատվածներում։ 

Հեղինակավոր Ալ-Արաբիա հեռուստաընկերության հաղորդավարը, հղում կատարելով «Մարդու իրավունքների սիրիական կենտրոն»-ին, հայտարարում է, որ Լեռնային Ղարաբաղում ավելի քան 70 գրոհային է սպանվել։ Նշվում է, որ Թուրքիան Ադրբեջան է ուղարկել ընդհանուր 1200 սիրիացի վարձկան:

Մեկ այլ արաբական հայտնի հեռուստաալիք՝ Ալ-Հադաֆ-ը, ներկայացրել է Սիրիայի զինված ուժերի մարտիկների կողմից ձերբակալված թուրքամետ գրոհայինների հարցաքննության կադրեր, որոնց ժամանակ նրանք ուշագրավ փաստեր են պատմել:

Ձերբակալված Ամին Իմադ Էս-Սաիդը պարզաբանել է, որ «Սուլթան Մուրադ» խմբավորման անդամ է, նախկինում եղել է «Սիրիայի ազատ բանակ»-ում։ Նա նշել է, որ պատրաստություն է անցել Աֆրինում՝ թուրք հրահանգիչների ղեկավարությամբ։ Նրա ամսական աշխատավարձը կազմել է 350 Թուրքական լիրա (~50 դոլար)։

Արցախյան պատերազմում «Սուլթան Մուրադ»-ի գրոհայինների մասնակցության մասին հարցին ի պատասխան հայտնել է, որ գրոհայիններին հավաքագրել են տարբեր խմբավորումներում։ Նրանց խմբերով (հազարավոր) Թուրքիայով տեղափոխել են Ադրբեջան և պայմանավորվել, որ գործուղումը տևելու է 3 ամիս, ամսական 2000 դոլար աշխատավարձով։ Նա հավելել է, որ Լիբիայում վարձատրվում են 1500 դոլար, իսկ գործուղման ժամկետը 6 ամիս է։

Ադրբեջանակի Պաշտպանության նախարարության՝ Արցախից բռնազավթված տարածքից (հարավում) հոկտեմբերի 7-ին հրապարակած հոլովակներից մեկում երևում է սիրիական պատերազմի համար արդեն ավանդական դարձած «ականանետ»՝ որը հայտնի է «դժոխային կրակի զենք» (արաբ՝ միդֆաու ջահաննամ), որը կրակում է գազային բալոններ՝ ինքնաշեն ուղղորդիչների միջոցով։ Կադրերից կարել է ենթադրել, որ սիրիացիներն իրենց հետ բերել են նաև որոշ «զենքեր»։

Պատերազմի ընթացքում որոշ վարձկաններ հրապարակել են մի շարք հոլովակներ, որտեղ երևում են Արցախի տարբեր հատվածներում նկարահանված գրավված հայկական դիրքեր, ռազմամթերքով արկղեր, հայ զինվորների դիակներ, որոնց գրոհայիններն անվանում են «հայկական բանակի խոզեր»։ Հոլովակներում լսվում են սիրիական բարբառին բնորոշ արաբերեն խոսակցություններ, ինչպես նաև երևում է ռազմական ավիացիայի աշխատանքը։

Սիրիացիների «կամավորագրումը» դժգոհություն էր առաջացրել այդ օրին Սիրիայում մարտեր մղող որոշ անձնանց մոտ։ Վերջիններիս նկարահանված հոլովակում, հեղինակները դիմելով Ադրբեջան մեկնած վարձկաններին, իրենց դժգոհությունն են հայտնում և հարցնում են, թե ինչու նրանք հրաժարվեցին Սուրբ ջիհադից՝ հանուն իրենց հայրենիքի պաշտպանության և մեկնեցին Ադրբեջան, եթե դեպի Լևանտի հողերը ձգտում են արտասահմանցիներ՝ հաղթահարելով հազարավոր կիլոմետրեր՝ առանց գումար աշխատելու (աշխատելու) մտքի, առաջ մղվելով մեկ ընդհանուր գաղափարով:

Հոլովակի հեղինակները ափսոսանք են հայտնում Ադրբեջանում 50 զոհերի կապակցությամբ և ասում, որ ավելի լավ կլիներ, որ նրանք մնային Սիրիայում և պայքարեին Ասադի դեմ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։