Հայատյացությունն Ադրբեջանում որպես կրթական համակարգի բաղկացուցիչ տարր

«Սիրի՛ր Հայրենիքն ու ատի՛ր, ատի՛ր, ատի՛ր թշնամուն»․ Կարգախոս, որը մանկապարտեզներում և դպրոցներում պետք է կրկնի յուրաքանչյուր ադրբեջանցի երեխա՝ առանց գիտակցելու անգամ, թե ինչ է ատելությունն ու ով է թշնամին։ 

BBC News-ի ադրբեջաներեն խմբագրությունն անդրադարձել է Ադրբեջանում մանկահասակների շրջանում «հայրենասիրության քարոզի» անվան տակ ատելության և վրեժի սերմանման գործընթացին։ 

Սումգայիթի բնագիտական ​​ուղղվածությամբ դպրոցում առավոտյան 08։30-ից կարելի է լսել «Սեր Հայրենիքին և ատելություն թշնամուն» կարգախոսը։ Երեխաները շարք են կանգնում, լսում ուսուցիչների «հայրենսիրական» ելույթները, բարձրաձայնում անգիր արված կարգախոսներ, այնուհետև հիմնի ներքո մտնում դպրոց։ 

«Հայրենասիրական» կոչվող, սակայն ատելության, ագրեսիայի և քսենոֆոբիայի տարրեր պարունակող այդ կարգախոսները միայն այս դպրոցում չէ, որ հնչում են։

Քաղաքի տարբեր դպրոցներում և մանկապարտեզներում «երեխաների մեջ հայրենասիրություն սերմանելու նպատակով» սովորեցնում և ամեն օր կրկնում են որոշ կարգախոսներ ու արտահայտություններ, որոնք ծնողների մի մասի կարծիքով՝ երեխաների համար չեն, մինչդեռ մյուս մասի դիտարկմամբ՝ «այդ կարգախոսները կապված են հայրենասիրության հետ, և դրանցում վատ բան չկա»:

  • Ո՞րն է 5-6 տարեկան երեխաներին մանկապարտեզում կամ դպրոցում «ատելություն», «վրեժ» կամ այլ նմանօրինակ խոսքեր սովորեցնելու անհրաժեշտությունն, ու ինչպե՞ս դա կարող է ազդել նման կրթական համակարգի ձևավորած անհատի և հասարակության վրա։

Ադրբեջանում երեխաները հաճախ տարբեր ճանապարհներով և առիթներով ներգրավվում են քաղաքական գործընթացների մեջ, և միայն վերջին ամիսների ընթացքում սոցցանցերի ադրբեջանական տիրույթում երեխաների մասնակցությամբ մի քանի աղմկահարույց տեսանյութ է հրապարակվել։

Տեսանյութերից մեկում երևում է, թե ինչպես են մանկապարտեզի 4-5 տարեկան երեխաները զինվորական հագուստով, վիրակապված և ձեռնափայտերով մարմնավորում պատերազմում վիրավորված զինծառայողների կերպարներ։ Մեկ այլ տեսանյութում դպրոցականները խոսում են «վրեժի և թշնամու գլուխը երկաթե բռունցքով ճզմելու» մասին։

Ուսուցիչների և մանկապարտեզների դաստիարակների խոսքով՝ «հայրենասիրության քարոզի» մասին նյութերը կրթական ծրագրում են և ենթակա են պարտադիր ուսուցման։ Ըստ այդմ՝ մանկապարտեզներում ամեն առավոտ «Հավատարմություն հայրենիքին, ատելություն թշնամուն» և «Ղարաբաղն Ադրբեջան է» թեմաներով կարգախոսներ են հնչում։ Ուսուցիչները, սակայն, նշում են, որ «Հայրենասիրության ծրագրում» բաց չի նշվում թշնամու ինքնությունը (նշված հայտարարությունը ակնհայտ մանիպուլյացիա է։ Ստորև կարող եք տեսնել մի քանի օրինակ, որտեղ հստակ նշվում է, որ խոսքը հայերի մասին է)։

BBC-ի հետ զրույցում կրթության ոլորտի աշխատողները նշել են, որ Արցախյան 2-րդ պատերազմից հետո դպրոցներում «հայրենասիրության քարոզի» ծրագիրը թարմացվել է, և նոր գործառույթների պլան է մշակվել։ Կրթության նախարարությունը, սակայն, հայտարարում է, թե «այդ նյութերը կապ չունեն հայ ժողովրդի հետ»։ 

Ադրբեջանում ոչ միայն 44 օրյա պատերազմի թեմայով, այլև ընդհանուր առմամբ՝ դպրոցականների և մանկահասակների մասնակցությամբ մահվան և վրեժի քարոզով լի նման տեսանյութերը քիչ չեն։ Երեխաների հետ աշխատող հոգեբանների գնահատմամբ՝ մանկահասկաների մեջ ատելություն սերմանելը շատ ռիսկային է, քանի որ «ատելության խոսքով մեծացող անձը մարտիկ է և կարող է սպանել»։ Հայրենասեր սերունդ մեծացնելու համար անհրաժեշտ չէ երեխաների մեջ ատելություն սերմանել, քանի որ հայրենիքը սիրելը չի նշանակում ատել այլ ազգերին, իսկ ատելության զգացումով մարդիկ ձգտում են վնասել այլոց։ Նման կրթությունը դուրս է դպրոցի առաքելությունից և համարվում է «քաղաքականության մուտք դպրոց»։ 

Թշնամու կերպարի առնչությամբ պատկերը զգալիորեն ավելի գունեղ է ներկայացված դասագրքերում, որտեղ բանաստեղծությունները, պատմվածքներն ու այլ տեքստերը երբեմն բաց, իսկ երբեմն ընդհանրական ձևով թշնամու նկատմամբ ատելության խոսք, այլատյացություն քարոզող արտահայտություններ, «չարագործ հայի» կերպարներ և դաժանություն ներկայացնող տեսարաններ են պարունակում։

Դասագրքերից որոշ օրինակներ.

  • 6-րդ դասարանի «Գրականության» դասագրքի «Qanlı bənövşə — Արյունոտ մանուշակ» պատմվածքում Զարիֆը (Մանկահասակ երեխա։ Դատելով անունից՝ «ադրբեջանցի») երազ է տեսնում, թե «Սիրանուշ հորաքույրը խեղդում էր իրեն, Սուրեն հորեղբոր ձեռքի սուր թրից արյուն էր կաթում, իսկ նրանց աղջիկները՝ Սուսանն ու Ռոզան ձեռքներին և փեշերի մեջ քարեր էին հավաքել՝ Զարիֆին հարվածելու համար»։ Այստեղ թեև ոչ մեկի ազգությունը չի նշվում, սակայն անուններից պարզ է, որ հայերը՝ թե՛ մեծերը, թե՛ անչափահաս երեխաները, ներկայացվում են իբրև դեմոնիզացված կերպարներ, որոնք պատրաստ են սպանելու «ադրբեջանցի երեխային»,
  • 6-րդ դասարանի «Ադրբեջաներենի» դասագրքի «Balaca girovlar — Փոքրիկ գերիներ» պատմվածքում նշվում է. «Կատաղած հայերը ժանգոտ աքցանով պոկում էին երգել չցանկացողների լեզուն, մերկացնում ու ծաղրում են․․․»,
  • 5-րդ դասարանի «Գրականության» դասագրքի «Oğru — Գողը» պատմվածքում նշվում է. «Ալիքներից մեկը հաղորդում էր պատրաստել հայերի վատ ու կեղտոտ բնավորության մասին․․․Հայերը գող ազգ են»։
  • 5-րդ դասարանի պատմության դասագրքում հայերին նկարագրում են հետևյալ կերպ. «Մեր հացը ուտող, ջուրը խմող, լավ օրերին մեզ ընկեր ասող, սակայն վատ օրերին մեզ դավաճանող հայերը (էջ 137)»։

Ադրբեջանի դպրոցներում «հայրենասիրության քարոզը» 1997թ-ից պաշտոնապես «Երիտասարդների մեջ քաղաքացիության և հայրենասիրության խթանման ծրագրի» միջոցով է կյանքի կոչվում։ Երիտասարդների կրթության  առնչությամբ քաղաքական ելույթներում ևս կարելի է տեսնել պետության կողմից մշակված քարոզչության ցայտուն օրինակներ։

Երիտասարդ սերնդին դիմելիս՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր ելույթներում բազմիցս առաջ է քաշել «սեր հայրենիքի և ատելություն թշնամու հանդեպ» թեզը։ 2021թ-ին իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցության VII համագումարում Ի․ Ալիևը հայտարարել է, որ «Վերջին տարիներին երիտասարդ սերունդը մեծացել է հայրենիքի հանդեպ սիրով և թշնամու հանդեպ ատելությամբ»։ Մեկ այլ ելույթում նա նշել է, որ Ադրբեջանում երիտասարդ սերնդին այս հոգեվիճակով են մեծացրել և հենց այդ հոգեվիճակով է բանակը կայացել։ Ավելին՝ Ի․ Ալիևն իր ելույթներում հայ ժողովրդի մասին հիշատակումներում չի խուսափում կիրառել «վայրի ցեղ», «ատելի թշնամի» և այլ այլատյաց արտահայտություններ։

Ատելության զգացումով դաստիարակվող սերունդը, սակայն, ապագա հասարակությունում առողջ մթնոլորտ չի խոստանում։ Վերլուծաբանների դիտարկմամբ՝ պատերազմական իրավիճակում գտնվող երկրներում քարոզչությունն ու ատելության խոսքն անխուսափելի են, սակայն երեխաների ներգրավումն այդ քարոզչությանն անթույլատրելի է։

Քաղաքական վերլուծաբան Անար Մամեդլիի կարծիքով՝ նման կրթություն ստացող սերունդն ապագայում էլ մշտապես թշնամու կերպար է փնտրելու, քանի որ «այսօր թշնամին հայն է, վաղը վրացին կլինի, մյուս օրը՝ ռուսը»։

Վերոնշյալի վառ ապացույցը կարելի է տեսնել վերջին ամիսներին  Ադրբեջան-Ֆրանսիա հարաբերությունների լարման ֆոնին։ Ադրբեջանի Հանրային հեռուստաընկերության (İctimai TV) եթերում երեխաները Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հասցեին ակնհայտ ծաղրանք պարունակող երգ են երգում։ Հեռուստաընկերության տարածած պարզաբանման մեջ նշվում էր, որ երեխաների կատարումն անպատշաճ չեն համարում, քանի որ երգի տեքստը չի պարունակում վիրավորանքներ, կեղծ տեղեկություններ կամ ագրեսիա, իսկ «Ադրբեջանում բոլորն են տեղյակ Է․ Մակրոնի կողմնակալ դիրքորոշման մասին»։ Ադրբեջանի հանրայինի պատասխանը ակնհայտ մանիպուլյացիա է։ Մասնավորապես ներկայացնենք «երգից» մի հատվածի թարգմանություն. «Մի մարդ դատարկ-դատարկ խոսում է, ասես խմած լինի։ Ո՞վ է նա, ասե՛ք» հարցին ի պատասխան երեխաները նշում են «Էմանուելը»։ Երգը նմանատիպ ծաղարական հարցուպատասխանով շարունակվում է։

Քաղաքական կառավարման ինստիտուտի ղեկավար Ազեր Գասըմլըն «Azadlıq» ռադիոկայանի հետ զրույցում նշել է, որ հիտլերյան Գերմանիայում ևս երեխաներին քաղաքականության մեջ էին ներգրավում, երեխաների լեզվով մեսիջներ փոխանցում, և Ադրբեջանի հանրային  հեռուստաընկերությանն օգտվում է այդ պրակտիկայից։ Նրա գնահատմամբ՝ մեկ այլ երկրի նախագահին նսեմացնելու համար վերևից տրված հրահանգով հենց երեխաներին շահագործելը էթիկ պահվածք չէ և հակասում է նաև Ադրբեջանի ներկա օրենսդրությանը, որտեղ երեխաներին քաղաքական թեմաների մեջ ներգրավման մասին տարբեր հոդվածներ կան։

Ավելացնենք, որ նշված դեպքերն Ադրբեջանում երեխաների շրջանում պետական մակարդակով տարվող ուղղորդված հակահայկական ատելության քարոզի հազարավոր օրինակներից ընդամենը մի քանիսն են։ Նշված ուղղորդված քարոզչությունը տարվում է սկսած մանկապարտեզներից և բացահայտ կերպով խրախուսվում Ադրբեջանի ղեկավարության կողմից։ Նմանատիպ բազմաթիվ օրինակներ կարող եք տեսնել Azerichild.info կայքում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով