Ոչնչացված հայկական գերեզմանատներ

2020թ. սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծ պատերազմի ընթացքում և հետո սոցցանցերի ադրբեջանական սեգմենտում հրապարակվում էին տարբեր տեսանյութեր, որում ադրբեջանցի զինվորականները պղծում, ջարդում, ոչնչացնում են հայկական գերեզմանատների տապանաքարերը, այդ թվում թե՛ Արցախյան առաջին պատերազմում զոհվածների, թե՛ քաղաքացիականների:

Այս հանգամանքը փաստում է նաև ռուս լրագրող Կիրիլ Կրիվոշեևը, որը պատերազմից հետո այցելել էր բռնազավթված Թալիշ գյուղ: Նա գրել է, որ մեծամասամբ ավերված են խաչքարերը, հայ զինվորներին, Արցախյան առաջին պատերազմում զոհվածների հիշատակին նվիրված հուշարձանները:

Կարևոր է նաև արձանագրել այն փաստը, որ նմանապես վանդալիզմի զոհ է դարձել Երկրորդ համաշխարհային պատերազմում զոհված զինծառայողներին նվիրված հուշահամալիրների զգալի մասը:

Արցախյան պատերազմի մասնակիցների հուշարձանների, գերեզմանների պղծում

Ադրբեջանցիները պղծել են Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Մադաթաշեն գյուղի Արցախյան առաջին պատերազմի զոհերին նվիրված հուշահամալիրը:

Նույն հուշահամալիրը՝ 2016թ. (Արցախի հանրային հեռուստատեսության արխիվ)

Ադրբեջանցիները պղծել են նաև Ասկերանի շրջանի Ակնաղբյուր գյուղի ազատամարտիկներին նվիրված հուշարձանը: 

Արցախի Թաղավարդ համայնքի ղեկավար Օլեգ Հարությունյանը հայտնել է, որ թշնամին Թաղավարդում նույնպես ավերել է Արցախյան առաջին պատերազմի զոհերի գերեզմանները.

«Թշնամու վայրագության մասին հերթական անգամ հավաստող այս իրողության մասին հայտնել են ռուս խաղաղապահներին, ովքեր մոտ օրերս պետք է այցելեն և անձամբ տեսնեն կատարվածը»,- նշել է Օլեգ Հարությունյանը:

Վանդալիզմ հայկական գերեզմանատների նկատմամբ

Ադրբեջանցիների կողմից հայկական գերեզմանատների պղծման ևս մի քանի դրսևորում.

Արցախի բռնազավթված տարածքներում ադրբեջանական վանդալիզմի վերաբերյալ ահազանգել է նաև Կովկասյան ժառանգության դիտորդական խումբը (CHW): Ըստ խմբի կողմից ներկայացված արբանյակային պատկերի՝ ամբողջովին ոչնչացվել է Մեծ Թաղեր գյուղի գերեզմանատունը:

Մեծ Թաղերի գերեզմանատունը հիմնադրվել է 19-րդ դարի սկզբին: Մինչև 2020 թ. պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից զավթվելը եղել է գործող գերեզմանատուն:

Կովկասյան ժառանգության դիտորդական խումբը (CHW) նաև հայտնել է, որ ադրբեջանցիները ավերել են Արցախի Ասկերանի շրջանի Սղնախ գյուղի հայկական գերեզմանատունը: 

Ավելի վաղ, 2021թ. հունիսի 9-ին  «Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում» (MONUMENT WATCH) նախագիծը հայտնել էր, որ ադրբեջանցիները ոչնչացրել են Սղնախի պատմական գերեզմանատունը:

2 thoughts on “Ոչնչացված հայկական գերեզմանատներ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով