Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում և ավարտից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում պարբերաբար ոչնչացվում և թիրախավորվում են հայկական մշակութային ժառանգության օբյեկտները:
Խաչքարերի ոչնչացման և պղծման դեպքերը փաստող տեսանյութեր և լուսանկարներ պարբերաբար հրապարակվել են ոչ միայն սոցցանցերի ադրբեջանական օգտատերերի, այլ նաև պետական, հանրային և իշխանական լրատվամիջոցների կողմից:
Ոչնչացված խաչքարերի տեսանյութեր և լուսանկարներ
Հադրութի շրջան
Պատերազմից հետո հրապարակված տեսանյութերից մեկում ադրբեջանցի զինվորականները պղծում և ոչնչացնում են Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Առաքել գյուղի (ներկայումս բռնազավթված Ադրբեջանի կողմից) հայկական խաչքարը:
Արցախի բռնազավթված տարածքներում մշակութային վանդալիզմի հերթական դրսևորումն է նաև Հադրութի շրջանի Ուխտաձոր գյուղի խաչքարի ոչնչացումը:
Հայկական հուշարձանների ոչնչացման բազմաթիվ դեպքերից ևս մեկն արձանագրվել է պատերազմի ընթացքում՝ հոկտեմբերի 7-ին, Ադրբեջանի Հանրային հեռուստատեսության՝ բռնազավթված նախկին ԱԽՍՀ Ջաբրայիլի շրջանից հրապարակած տեսանյութում:
Ադրբեջանցիները պղծել են նաև Հադրութ քաղաքի Արցախյան գոյամարտում Հադրութի շրջանի զոհված զինծառայողների հիշատակին նվիրված հուշահամալիրի խաչքարը: Սոցցանցերում տարածված տեսանյութում ադրբեջանցիները կրակահերթ են բացում հուշահամալիրի խաչքարի վրա: Հադրութի բռնազավթումից հետո ադրբեջանցիները պղծել են նաև հուշարձանը: Այն պատված է ադրբեջաներեն գրություններով:
Քաշաթաղի շրջան. Որոտան (Կուբաթլու)
Ադրբեջանցիների կողմից իրականացված մշակութային վանդալիզմի հերթական օրինակը: Ադրբեջանի ՊՆ-ի հրապարակած տեսանյութում բացակայում է Որոտան (Կուբաթլու) քաղաքում գտնվող խաչը: Ադրբեջանցիները պղծել են հուշարձանը, հանել՝ խաչը:
Մարտունու շրջան. Վարանդա (Ֆիզուլի)
Ադրբեջանցիները ավերել են նաև Վարանդայում (Ֆիզուլի) գտնվող խաչքարը (39.588109,47.159294,19):
Մարտակերտի շրջան. Թալիշ
Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղը նույնպես դարձել է մշակութային վանդալիզմի զոհ: Ադրբեջանցիները գյուղում պղծել են «Վերածնված Թալիշ» հուշարձանը:
Ռուսական «Կոմերսանտ» թերթի թղթակից Կիրիլ Կրիվոշեևը, որը պատերազմից հետո այցելել էր Արցախի բռնազավթված տարածքներ, ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, նշելով, որ «խաչքարերի մեծ մասը ոչնչացվել է»: