14.10.2020 The Wall Street Journal
Հազարավոր սիրիացի վարձկաններ, որոնք կապված են Թուրքիայի հետ, տեղափոխվել են Լեռնային Ղարաբաղ՝ այդպիսով էլ ավելի սրելով առանց այդ էլ լարված Մոսկվայի ու Անկարայի հարաբերությունները
2020թ. հոկտեմբերի 14-ին Wall Street Journal-ում հրապարակված հոդվածում ասվում է, որ Թուրքիայի կողմից աջակցություն ստացող վարձկանները Մերձավոր Արևելքից տեղափոխվել են Ադրբեջան՝ ղարաբաղյան ռազմական գործողություններին մասնակցելու նպատակով:
Ամերիկյան հայտնի օրաթերթը նաև հարցազրույց է ներկայացրել սիրիական ընդդիմադիր վարձկան խմբավորման անդամներից մեկի հետ, որի մասնակիցները ևս տեղափոխվել էին Ղարաբաղ նրա աջակցությամբ:
Սիրիացի վարձկանի վկայությունը
Տեղաբաշխման աշխատանքներում ներգրավված սիրիաղի վարձկան ասել է, որ զինյալների տեղափոխումը՝ մեկ խմբում 100 հոգի, տեղի ունեցել սկսած սեպտեմբերի կեսից՝ մինչև վերջին բախումները: Մեկ այլ սիրիացի, ով կապ ուներ վարձկանների խմբավորման հետ՝ խոստովանել է, որ շատերը հեռացել են, իսկ շատերն էլ վերադարձել են հետ՝ տագնապած լինելով սաստիկ բախումներից:
Թուրքիայի դերը
Հուլիսյան բախումներից հետո, Թուրքիան Ադրբեջանում երկու շաբաթյա ցամաքային և օդային ռազմական վարժանքներ էր կազմակերպել, ինչպես նաև, ըստ թուրք պաշտոնյաների, Ադրբեջանի ղեկավարությանը մատակարարել էր հարվածային ԱԹՍ-եր: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ թուրքական օդուժը զգալի առավելություն էր տվել նրանց Լեռնային Ղարաբաղի պատերազմում:
Նախկինում ևս՝ Թուրքիան օգտագործում էր սիրիացի վարձկաններին իր արտաքին քաղաքական նպատակներին հասնելու համար: ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի հունիսյան արձանագրության համաձայն՝ այս տարի՝ ավելի վաղ, Անկարան մոտ 5000 սիրիացի զինյալ էր ուղարկել Լիբիա՝ քաղաքացիական պատերազմում միջազգայնորեն ճանաչված իշխանություններին սատարելու նպատակով:
Սիրիացի վարձկանը, ով ներգրավված էր Լեռնային Ղարաբաղ ուղարկվելիք զինյալների ցուցակագրման աշխատանքներում՝ ասել է, որ շատերին շահագրգռել են ամսական 2000 դոլար աշխատավարձով, ինչը զգալի գումար է հանդիսանում սիրիական պատերազմից ջախջախված տնտեսության դեպքում:
«Լիբիա կամ Ադրբեջան գնալը սովորական բան է դարձել», — ասում է զինյալն ու հավելում, որ անդամագրվելուց երկար չի մտածել, քանի որ պետք է իր ընտանիքը պահի:
«Մարդիկ այլևս չեն մտածում՝ թե ում կողմից կամ ում դեմ են կռվում: Նրանք մտածում են միայն գումարի մասին: Նրանք կգնան այնտեղ, որտեղ գումար կա», ասում է նա:
Վարձկանը, որը հայտարարեց, որ սպասում է իր տեղափոխմանը դեպի Լեռնային Ղարաբաղ, պլանավորում է Սիրիայից անցնել Թուրքիա, որտեղից, ըստ նրա, կազմակերպվում են չարտերային թռիչքների դեպի Ադրբեջան:
Մի սիրիացի, ով երկար ժամանակ աշխատել է վարձկան խմբավորումների և ուղիղ կապի մեջ էր Ադրբեջանում կռվող սիրիացիների հետ՝ ասաց, որ, ըստ նրա տեղեկությունների, սիրիացի զինյալների շրջանում զոհերի թիվն արագ է աճում:
«Նրանք ասում են, որ այնտեղ դժոխք է», ասում է տղամարդն ու հավելում, որ 200 հոգի արդեն խնդրել են, որ իրենց հետ վերադարձնեն: «Այնտեղ գնացած ու ինչ-որ կերպով չզոհված ու վնասցվածքներ չստացածները բացառություն են: Շատ զինյալներ արդեն ուզում են հետ վերադառնալ»: