Վարձկանների մասնակցությունը Արցախյան 2-րդ պատերազմում. Թուրքիայի դերը

Արցախյան 2-րդ պատերազմի ուսումնասիրության տեսանկյունից մեծ կարևորություն է ներկայացնում Թուրքիայի ներգրավման և նրա՝ մարտական գործողությունների և պատերազմի ելքի վրա ունեցած մեծ ազդեցության հարցը։ Հատկապես կարևոր է ուշադրություն դարձնել է Արցախի դեմ պատերազմում Սիրիայից վարձկան խմբավորումների ներգրավման գործում Թուրքիայի դերակատարությանը:

Վարձկանների՝ հակամարտության մեջ ներգրավածության փորձը հայտնի է [ռուսերեն և անգլերեն] դեռևս Արցախյան 1-ին պատերազմից։ 1990-ական թթ. Ադրբեջանը համաձայնության էր եկել Չեչնիայի և Աֆղանստանի ղեկավարությունների հետ և այնտեղից հակամարտության գոտի էին տեղափոխվում դաշտային հրամանատարներ և չեչենական ու աֆղանական (մոջահեդներ) ջոկատներ։ Աֆղան և չեչեն վարձկանների ներգրավման մասին հայտնել են նաև ժամանակի միջազգային մի շարք հեղինակավոր աղբյուրներ, կատարվել են հետազոտություններ: Այդ թվում տե՛ս.

2020 թ. Արցախի դեմ պատերազմ սկսելուց շուրջ երկու ամիս առաջ սկսեցին տարածվել տեղեկություններ, որ Ադրբեջանը կրկին հավաքագրում է վարձկանների՝ այս անգամ արդեն Մերձավոր Արևելքից: Ինչպես պարզ դարձավ հետագայում՝ Թուրքիայի անմիջական օգնությամբ Սիրիայից հավաքագրված վարձկանները ներգրավվեցին նույն տարվա աշնանը Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում:

Թուրքիայի ներգրավվածությունը․ վարձկանների հավաքագրումը, մարզումները և տեղափոխումը Ադրբեջան

Դեռևս հուլիսի 18-ին սիրիական Sham.fm տեղեկատվական գործակալությունը ֆեյսբուքյան էջում գրել էր

 «Թուրքական օկուպացիոն ուժերը գրանցման կենտրոններ են բացում Հյուսիսային Հալեպի Աֆրին շրջանում՝ նպատակ ունենալով իրենց լոյալ զինյալներին Ադրբեջան տեղափոխելու և հայկական բանակի դեմ կռվելու։  Զինյալներին առաջարկվել է կնքել ամսական 2500 ԱՄՆ դոլար աշխատավարձով 6-ամսյա պայմանագիր՝ այն հետագայում երկարաձգելու հնարավորությամբ»։

Վարձկանների՝ Թուրքիա, այնուհետև Ադրբեջան տեղափոխելու մասին փաստեր առաջինը ներկայացրեց ԱՄՆ քաղաքացի, հակամարտությունների և հումանիտար ճգնաժամերի թեմաներում մասնագիտացած, անկախ լրագրող Լինդսի Սնելը։ 

Սեպտեմբերի 22-ին Սնելն իր թվիթերյան հաշվում կատարեց գրառում, ըստ որի՝ Սիրիայի տարածքում գործունեություն ծավալող «Ալ-Համզա» ջոկատին պատկանող մարտիկները Թուրքիայի տարածքով հասել են Բաքու։

Սեպտեմբերի 30-ին BBC Syria-ի պրոդյուսեր Ռիամ Դալաթիի թվիթերյան հաշվում  հրապարակված հոլովակում երևում են Ադրբեջանի ՊՍԾ համազգեստով մարդիկ, որոնց մարզում է ադրբեջանական ռազմական համազգեստ կրող մի զինվորական և լսվում են արաբերեն արտահայտություններ։ 

Թվիթերի Սամիր անունով մեկ այլ օգտատիրոջ ավելի ուշ հաջողվեց տեղորոշել հոլովակի նկարահանման վայրը․ պարզվեց, որ մարզումներն անցկացվում են Հալեպի նահանգում (Սիրիայի հյուսիս)՝ Թուրքիայի հետ սահմանին գտնվող Հավար Քիլիսի ռազմակայանում։

Վարկածներից մեկի համաձայն՝ առաջին 150 մարդը սիրիական Աֆրինից մեկնել է Ադանա քաղաքի թուրքական ավիաբազա, որտեղից էլ մեկնել է Ադրբեջան։ Այդ նույն աղբյուրները վստահեցնում են, որ սիրիացիներին տեղակայել են ոչ թե Լեռնային Ղարաբաղում, այլ Կասպից ծովի շրջանում գտնվող ռազմաբազաներում, որտեղ նրանք ադրբեջանական ստորաբաժանումների հետ անցել են ներդաշնակում և մարտական պատրաստություն:

Պատերազմին գրոհայինների մասնակցությունը փաստող տվյալներ

Սեպտեմբերի 27-ին ցանցում հայտնվեց Ադրբեջանում սիրիացի գրոհայինների ներկայության մասին առաջին վկայությունը։ Սոցցանցերի Ադրբեջանական և Թուրքական տիրույթում սկսեց տարածվել մի հոլովակ, որում երևում են Ադրբեջանի փողոցներով անցնող փիքափներ՝ թափքում նստած մարդկանցով, որոնք, ենթադրաբար, Սիրիայից տեղափոխված  «Սուլթան Մուրադ դիվիզիայի» և «Համզա» խմբավորման վարձկաններն էին։ Ըստ նրա՝ Ադրբեջան էր տեղափոխվել ավելի քան 100 սիրիացի։

Թելեգրամյան REVERSE SIDE OF THE MEDAL ալիքը, տեսանյութը տեղորոշելու արդյունքում պարզեց, որ փիքափներն անցնում են իրանա-ադրբեջական սահմանից ոչ հեռու գտնվող Հորադիզ քաղաքով։

Այս և ավելի ուշ հրապարակված տեսանյութերը փաստում են, որ սիրիացի վարձկանները պատերազմի ընթացքում կրել են Ադրբեջանի ՊՍԾ զորքերին պատկանող համազգեստ, ինչը հավանաբար ծառայել է, որպես վարձկաններին քողարկելու միջոց։

Ավելի ուշ՝ հոկտեմբեր ամսվա ընթացքում սոցցանցերում սկսեցին հայտնվել հոլովակներ՝ մարտական գործողությունների տարբեր տեղամասերից, որոնցում երևում են սիրիական խոսակցական ունեցող անձինք։ 
Այսպես՝ հոկտեմբերի 3-ին տարածված հոլովակում մի քանի ՊՍԾ համազգեստով անձինք խոսում են սիրիական բարբառով։ Հոլովակում երևում են նաև, ավելի վաղ, ցանցում հայտնված տեսանյութի միջի փիքափները։

Նկարահանող անձն իր խոսքում մասնավորապես ասում է․ 
— Ինչ կասես եղբայրներին: Գնալ, թե ոչ:
— Ես մնում եմ այստեղ, եկե՛ք, եկե՛ք, եկե՛ք, հաջողություն Հայաստան գալու ճանապարհին:

Գերմանական խոշորագույն Bild պարբերականի լրագրող  Ջուլիան Ռոբքիի պնդմամբ հոլովակը նկարահանվել է Հորադիզի Ադրբեջանական ռազմաբազայում, որը տեղակայված է շփման գծից 6 կմ հեռավորության վրա։

Հոկտեմբերի 7-ին հրապարակվեց տեսանյութ, որում սիրիացու արտաքինով զինվորականը հայտնվել է ռմբակոծության տակ։ Ավելի ուշ թվիթերի օգտատեր Սամիրին հաջովեց պարզել, որ հոլովակը նկարահանված է Արցախում՝ գրաված հյակական դիրքերից մեկում։ 

Մեկ այլ՝ STJ Syria-ի աշխատող Ալեքսանդր Մակկիվերի հրապարակած հոլովակում արաբերեն խոսող անձը նկարահանում է հայկական դիրքը՝ սպանված զինվորներով, որն, ինչպես պարզվեց, նկարահանվել է մերձճակատային Մարջանլու գյուղում։

Վարձկանների դիակների տեղափոխումը Սիրիա

Շուտով սոցցանցերի որոշ աղբյուրներ տեղեկություններ տարածեցին սիրիացի վարձկանների դիակների տեղափոխման մասին, նույնիսկ որոշ դեպքերում ներկայացվում էին անուններ և նրանց մասին հավելյալ տեղեկություններ։

Սիրիացի լրագրող Հուսեին Ակոշն իր թվիթերյան հաշվում արդեն սեպտեմբերի 29-ին գրել էր, որ իր՝ ալ Աթարիբ քաղաքից Մուհամադ Շաալանը սպանվել է Ադրբեջանում։ Ըստ նրա՝ սպանվողը  եղել է Ալ-Շամ խբավորումից, որից դուրս է եկել Ադրբեջան մեկնելուց մի քանի ամիս առաջ։ Մահվան ամսաթիվը և վայրը դեռևս անհայտ են: Նա նշում է, որ Հալեպի արևմուտքում գտնվող Ղաֆար Հալաբ գյուղից Թալխա անունով մի տղա ևս սպանվել է։

Սիրիական ընդդիմադիր ալիքներում տարածում էին մի ոմն Սադամ Ալ Ազիզի լուսանկարը, ով ծնունդով Ալ Քարիմ գյուղից է, ում մարմինը հոկտեմբերի 27-ին բերվել էր Ադրբեջանից:

Ավելի վաղ՝ հոկտեմբերի 4-ին իդլիբյան և հալեպյան որոշ թելեգրամյան ալիքներ տարածել էին հոլովակ, ըստ որի՝ Ադրբեջանից 50 վարձկանի դիակ էր բերվել։ Հոլովակում, ըստ ալիքների, երևում է Մուհամադ Խալիդ աշ Շահնաի դին՝ Մաարեթ ան-Նուուման քաղաքից։

Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնը փաստագրել է սիրիացի վարձկանների մահվան նոր դեպքերն այն բանից հետո, երբ հաղորդագրությունները հաստատել են, որ նրանցից տասնյակները սպանվել են Լեռնային Ղարաբաղում և Լիբիայում անցած ռազմական գործողությունների ընթացքում:

Վարձկանների վերաբերյալ թվային տվյալներ

Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնի (SOHR) Հետազոտության արդյունքում պարզվել է, որ միայն Լեռնային Ղարաբաղում սպանվել 293 գրոհային: 

Արցախյան պատերազմին մասնակցած  սիրացի գրահայիններ Ամբողջ քանակը հայտնի չէ, սակայն ըստ որոշ տվյալների, ինչպես օրինակ Սիրիացիներն հանուն ճշմարտության և արդարության (STJ) կազմակերպության հրապարակած զեկույցի, մինչև 2020 թ․ հոկտեմբերի 13-ը հավաքագրվել է առնվազն 2000 սիրիացի Արցախյան ռազմաճակատ ուղարկելու նպատակով։ Նրանց մի մասին 3 փուլով տեղափոխել են Ադրբեջան (250 մարդ յուրաքանչյուր փուլում)։

Կազմակերպության պնդմամբ վարձկանների մեծ մասը կապված է Ստամբուլում տեղակայված Սիրիայի հեղափոխության ազգային կոալիցիայի՝ Սիրիայի ազգային բանակի (SNA) և Ընդդիմության ուժերի  հետ [տես]:

One thought on “Վարձկանների մասնակցությունը Արցախյան 2-րդ պատերազմում. Թուրքիայի դերը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով