Ադրբեջանի կողմից պատերազմին ներգրավված վարձկանների վկայությունները. Մաս 1-ին

Արցախյան 2-րդ պատերազմի ընթացքում և դրանից հետո սիրիացի վարձկաններից ոմանք պատմել են Թուրքիայի կողմից իրենց հավաքագրելու, Ադրբեջան տեղափոխելու, Արցախի դեմ պատերազմին իրենց ներգրավվելու մասին: 

Վարձկանների՝ տվյալ մանրամասները մի շարք հեղինակավոր միջազգային աղբյուրների ներկայացնելու շարժառիթը եղել է նրանց բողոքը ուղղված Թուրքիային՝ պատերազմին մասնակցելու դիմաց խոստացված գումարները չստանալու համար: Որոշ վարձկանների բողոքը վերաբերել է նրան, որ իրենց հավաքագրելիս խոստացել են այլ բնույթի «աշխատանք», սակայն Ադրբեջան հասնելուն պես տարել են ռազմաճակատ:

Վարձկանների հարցազրույցներում տեղ գտած մանրամասները, ինչպես նաև հայկական կողմի գերեվարած 2 վարձկանի հարցաքննության արյդունքները վկայում են, որ Արցախի դեմ պատերազմին Ադրբեջանը ներգրավել է մեծ քանակությամբ վարձկանների։ 

Իրարից անկախ արված հարցազրույցներում և հարցաքննությունների ընթացում բերված փաստերը գրեթե նույնական են, ինչը ի ցույց է դնում վարձկանների ներկայացրած տվյալների իրականությանը համապատասխանությունը:

Վարձկան ահաբեկիչների հարցազրույցները

Ադրբեջանում և Արցախում եղած վարձկանները հարցազրույցներ են տվել այնպիսի պարբերականների, ինչպիսիք են BBC-ն, The Times UK-ը, The Guardian-ը և այլն։ 

BBC

Սիրիացի Աբդուլան (անվտանգության նկատառումներից ելնելով աղբյուրը ներկայացրել է վարձկանի ոչ իրական անունը) պատերազմի սկզբում BBC-ին պատմել է, որ Թուրքիայի կողմից վերահսկվող Սիրիայի հյուսիսային անկլավներից թուրք  զինվորականների և «Սիրիայի ազգային բանակի» գիտությամբ Ղարաբաղ ուղարկվելու համար հավաքագրել են 17-30 տարեկան մի քանի հարյուր տղամարդու։ 

Մարտերից չորս օր առաջ նրանք ինքնաթիռներով տեղափոխվել են Ադրբեջան և տեղակայել «հայերի հետ շփման գծի մոտ»։

Աբդուլան BBC-ի հետ նամակագրության ժամանակ ասել է, որ «Սիրիայի ազգային բանակի Համզայի դիվիզիայի հրամանատար» Սաիֆ Աբու Բաքրը իրենց առաջարկել է մեկնել Ադրբեջան՝ ամսական մինչև 2000 դոլարի դիմաց «պաշտպանելու սահմանային ռազմական դիրքերը»։

Նրա խոսքով՝ արդեն սեպտեմբերի 27-ին իրեն և ընկերներին տեղափոխել են առաջնագիծ, որտեղ նրանք հայտնվել են կրակի տակ և կորուստներ կրել. չորս սիրիացիներ սպանվել են։ Այն բազայում, որտեղ իրենց տեղավորել են, Աբդուլան տեսել է իր հայրենակիցների 10 դի և շուրջ 70 վիրավորների։

BBC-ի զրուցակիցը շեշտել է, որ հավաքագրված մարտիկների մեծ մասը եղել են մարտական ուղի չանցած քաղաքացիներ։ Նրանց մի մասը առաջին կորուստներից հետո ցանկացել է հետ վերադառնալ Սիրիա, սակայն թույլ չեն տվել և սպառնացել են բանտարկությամբ։

BBC-ի թուրքական ծառայության Սիրիայի Ջերաբլուս քաղաքում՝ «Սիրիայի ազգային բանակում» ունեցած աղբյուրները պարբերականին հաղորդել են նաև, որ Ղարաբաղ գնալու համար կամավորագրվել է 1000 մարդ, այդ թվում՝ «Սուլթան Մուրադ դիվիզիայի» և «Համզայի բրիգադ» մարտիկներ: BBC-ի աղբյուրի հաղորդմամբ՝ կամավորներից 250-ին մոտակա թուրքական Գազիանթեփ քաղաքից ռազմական մարդատար ինքնաթիռով ուղարկել են Ադրբեջան։

Հոդվածը հրապարակվել է 2020 թ. սեպտեմբերի 30-ին: Պատերազմի ողջ ընթացքում Ադրբեջանի կողմից ներգրավված վարձկանների թիվը կարող է նշվածի մի քանի անգամ ավել լինել:

The Guardian

Մեկ այլ հեղինակավոր՝ The Guardian պարբերականը զրուցել է Սիրիայի՝ ապստամբների կողմից վերահսկվող հատվածում բնակվող երեք տղամարդու հետ, որոնք ասել են, որ Սիրայում գրեթե մեկ տասնամյակ տևող պատերազմը և ծանր աղքատությունը ստիպել են նրանց գրանցվել արտասահմանում՝ թուրքական անվտանգության ծառայություններ մատուցող մասնավոր ընկերությունում, առաջարկվող «աշխատանքի» համար։

Ազազում ապրող երկու եղբայրներ նշել են, որ իրենց սեպտեմբերի 13-ին տարել են Աֆրինում գտնվող ռազմական ճամբար։

Ժամանելուց հետո Թուրքիայի կողմից վերահսկվող Սուլթան Մուրադ դիվիզիայի հրամանատարը հայտնել Է, որ իրենք պետք է մեկնեն Ադրբեջան, որտեղ պետք է իրականացնեն դիտակետերի և նավթագազային օբյեկտների պահպանության աշխատանքներ՝ երեք կամ վեց ամսվա պայմանագրով, ամիսը 7000-10000 Թուրքական լիրա աշխատավարձով (շուրջ 1200-1800 ԱՄՆ դոլար):

«Հրամանատարը» չի նշել, թե իրականում ինչ «աշխատանք» պետք է արվի, ինչպես նաև երբ է ավարտվելու «գործուղումը»։ Չի նշվել նաև, թե ինչպես է կոչվում «թուրքական անվտանգության ընկերությունը» և ով է վճարելու «աշխատավարձը»: 

«Մեր առաջնորդը մեզ ասել է, որ մենք չպետք է կռվենք, այլ ուղակի պետք է օգնենք որոշ շրջանների պահպանության հարցում»․— ասել է Մուհամեդը։ «Մեր աշխատավարձը չի բավականացնում ապրելու համար, այդ իսկ պատճառով մենք այստեղ գումար աշխատելու հիանալի հնարավորություն տեսանք»։

Իդլիբի բնակիչ Օմար անունով մի տղամարդ էլ The Guardian-ի հետ զրույցում ասել է, որ  ինքը սեպտեմբերի 22-ին 150 այլ տղամարդկանց հետ կանչվել է Աֆրին, որտեղ նրանց ասել են, որ պատրաստվեն ուղևորվելու, սկակայն ավելի ուշ հայտնել են, որ ուղևորությունը հետաձվել է։

«Երբ մեզ առաջին անգամ սկսեցին աշխատանք առաջարկել Լիբիայում, մարդիկ վախենում էին գնալ այնտեղ, բայց հիմա մեր շրջանում կան հազարավոր մարդիկ, ովքեր ցանկանում են մեկնել կամ Լիբիա, կամ Ադրբեջան», — ասել է նա: «Մեզ համար այստեղ ոչինչ չկա»։

The Guardian-ը նշել է, որ Սիրիական ազգային բանակի  («Թուրքիայի կողմից ֆինանսավորվող սիրիական ապստամբական խմբավորումների գլխավոր թաքստոց»՝ BBC) մի քանի աղբյուրներ, ինչպես նաև Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնի (SOHR) դիտորդը, ասել են, որ Սուլթան Մուրադ դիվիզիայի և Ալ Համզայի 500 գրոհայիններից բաղկացած առաջին խումբը սեպտեմբերի 28-ին արդեն եղել է Ադրբեջանում, այդ թվում՝ երկու ավագ հրամանատարներ՝ Ֆահիմ Էյսան «Սուլթան Մուրադ»-ից և Սաիֆ Աբու Բաքիրը՝ «Ալ Համզա»-յից:

The Times

Times թերթը զրուցել է Իդլիբի Սիրիական ազգային բանակի գրոհային Մոհամմադ Մահմուդ Ալ Սուրանիի հետ: Ալ-Սուրանիի խոսքով՝ իր մոտ 200 զինակիցներ հավաքագրվել են Ղարաբաղում պատերազմելու  համար։

Times-ի զրուցակիցը ևս հայտնել է, որ կամավորականներին ասել էին, որ իրենք իրականացնելու են թիկունքում և առաջնագծում տեղակայված օբյեկտների պահպանություն։

Ալ-Սուրանին, ի վերջո, հրաժարվել է մեկնել Ադրբեջան, մասնավորապես, այն պատճառով, որ «չի կռվելու ադրբեջանցիների համար, քանի որ նրանք շիա մահմեդական են, որի հետևորդների դեմ Ալ-Սուրանին կռվել է հայրենի Սիրիայում»։

Այլ

Novayagazeta.ru կայքը նշում է, որ իրենց աղբյուրները Սիրիայում հաղորդել են, որ 700-ից 1000 գրոհայիններ ուղարկվել են Ադրբեջան՝ «գազա- և նավթամուղերը պաշտպանելու համար»։ Մարտիկներին հավաքել են 300 հոգանոց խմբերով, հետո նրանց ուղարկել են Թուրքիայի սահմանամերձ Քիլիս քաղաք։ 

Քիլիսում զինյալները իրենց դաշտային համազգեստների փոխարեն ստացել են այլ հագուստ, տեղափոխվել Գազիանթեփի օդանավակայան, այնուհետև Ստամբուլ, որտեղից էլ՝ Բաքու:

Նկարը՝ Hasan Kirmizitas / Zuma / TASS

Իրաքցի հայտնի լրագրող Այմենն Ջավադ ալ-Տամիմիին տված հարցազրույցում Արցախում կռված ահաբեկիչը նշել է, որ Արցախի դեմ պատերազմին մասնակցել են Սուլթան Մուրադ, Սուլեյման Շահ, Ալ Համզա և այլ խմբավորումների գրոհայիններ։ Թուրքիան նրանց խոստացել է վճարել 2500 դոլար աշխատավարձ մեկ ամսվա համար, սակայն չի պահել խոստումը և վճարել է ընդամենը 600 դոլար։

Գերի ընկած վարձկաններ

Հոկտեմբերի վերջին Արցախում գերեվարված վարձկաններից մեկը՝ Մհրեբ Մուհամմադ Ալշհերին, որը ծնունդով Սիրիայի Համա քաղաքից է, հարցաքննության ժամանակ խոստովանել է, որ 250 այլ ահաբեկիչների հետ Թուրքիայի կողմից ադրբեջանա-արցախյան ճակատ է տեղափոխվել հոկտեմբերի 19-ին։ Նրանց խոստացել էին վճարել 2000 դոլար աշխատավարձ, սակայն գումարը չեն վճարել։

Ահաբեկչի խոսքով՝ մարտի ժամանակ նրանց առաջ էին ուղարկում և միայն իրենցից հետո՝ 2-րդ, 3-րդ գծում ադրբեջանցի զինվորականներն էին։ Մինչ ռազմաճակատ տեղափոխվելը վարձկանները պատրաստություն են անցել ճամբարում, որտեղ նրանց հետ աշխատել են թուրք զինվորական հրահանգիչները։

Գերի ընկած մեկ այլ սիրիացի՝ Յուսեֆ Ալաբեթ ալ-Հաջին, որը Իդլիբ նահանգի Ջսեր ալ Շահուր քաղաքի ալ Զիեդյե գյուղի բնակիչ է, հարցաքննության ընթացում պատմել է, որ հարևան գյուղի բնակիչ՝ Իբրահիմ անունով իր ծանոթը նրան առաջարկել էր գումարի դիմաց գնալ Ադրբեջան։ Նա ասել էր, որ այնտեղ զորավարժություն են անցկացնում և մասնակցելու համար իրենց կվճարեն 2000 ԱՄՆ դոլար։ Նույն օրը նա և մյուս սիրիացիներն, ովքեր համաձայնել էին գնալ, տեղափոխվել են Բաբ ալ Սալամ անցակետ։ 

Այնտեղ հավաքված են եղել շուրջ 500 այլ անձինք։ Վարձկանները ավտոբուսներով հատել են Սիրիայի և Թուրքիայի սահմանը և գնացել մոտակա օդանավակայան, որտեղից տեղավորվել են  Թուրքիայի դրոշներով 2 քաղաքացիական ինքնաթիռներ։ Թուրքիայում ևս մեկ ինքնաթիռ փոխելուց հետո տեղափոխվել են Ադրբեջան։ Նա նշել է, որ Ադրբեջան են հասել հոկտեմբերի 18-ին։

Ադրբեջանում տեղավորել են մի կենտրոնական զորամասում, որտեղ իրենց տրամադրել են համազգեստ և վզնոցներ, որոնց վրա թվեր են եղել: Հաջորդ օրը ստացել են ռուսական արտադրության զինատեսակներ և ադրբեջանցի ու թուրք հրամանատարների ղեկավարությամբ անցկացրել մարտական պատրաստության պարապմունքներ։ Այնուհետև տեղափոխվել են մեկ այլ զորամաս, որտեղ գտնվում էին ևս 500 սիրիացիներ։ Զորամասում խմբերի են բաժանվել և իրենց 150-հոգանոց խումբը փիքափներով մեկնել է ռազմաճակատ։

2 thoughts on “Ադրբեջանի կողմից պատերազմին ներգրավված վարձկանների վկայությունները. Մաս 1-ին

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով