Ադրբեջանի կողմից 2-րդ Համաշխարհային պատերազմի հուշակոթողների պղծումը Արցախում

Արցախյան Երկրորդ պատերազմի ընթացքում և հետո, ի թիվս բազմաթիվ մշակութային հուշարձանների, ադրբեջանցիները թիրախավորել են նաև Երկրորդ Համաշխարհային պատերազմում զոհված զինծառայողներին նվիրված հուշարձանները և հուշակոթողները:

Ասկերանի շրջան

Սոցցանցերի ադրբեջանական տիրույթում հրապարակված տեսանյութերը փաստում են, որ Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղի զավթումից հետո ադրբեջանցի զինվորականները պղծել են Հայրենական մեծ պատերազմին նվիրված հուշարձանը: Հուշարձանը գտնվում է Սուրբ Գայանե կուսանաց անապատի (1616) տարածքում:



Հուշարձանի պղծման փաստը հաստատող ևս մեկ տեսանյութ.





Շուշիի շրջան 

Արցախի Շուշիի շրջանի Քարին տակ գյուղում Հայրենական Մեծ պատերազմի և Արցախյան առաջին պատերազմի զոհերին նվիրված հուշարձանը նույնպես ենթարկվել է մշակութային վանդալիզմի:

Սոցիալական ցանցերի ադրբեջանական սեգմենտում տարածված տեսանյութում ակնհայտ երևում է, որ այն նույն հատվածում, որտեղ նախքան պատերազմը և Քարին տակի բռնազավթումը տեղակայված էր Արցախյան առաջին պատերազմի և Հայրենական Մեծ պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը, զավթումից հետո ավերված է:

Տեսանյութում Արցախյան պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշաքարը ջարդված և կողաշրված է հուշարձանի տարածքում, իսկ Հայրենական Մեծ պատերազմին նվիրված հուշակոթողը՝ հիմնովին ոչնչացված:

Արցախյան առաջին պատերազմի և Հայերանական Մեծ պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը պատերազմից առաջ և հետո

Ավելի ուշ, սոցցանցերում ադրբեջանցիների հրապարակած մեկ այլ տեսանյութում պարզ երևում է, որ հուշարձանն արդեն ամբողջովին ավերված է:

Եթե մինչ այդ տարածված տեսանյութում երևում էր Արցախյան առաջին պատերազմում զոհվածների հիշատակին նվիրված հուշաքարը, ապա այս տեսանյութում հուշարձանի տարածքն ամբողջապես ավերված է, բացակայում են թե՛ Հայրենական Մեծ պատերազմի, թե՛ Արցախյան առաջին պատերազմին նվիրված հուշաձանները:

Միևնույն հուշարձանից տարբեր ժամանակահատվածում հրապարակված տեսանյութերը փաստում են, որ Արցախի գրավյալ հատվածներում Ադրբեջանը պարբերաբար իրականացնում է մտադրված և ծրագրված մշակութային վանդալիզմի հետևողական քաղաքականություն:

Շուշի քաղաքում ադրբեջանցիները հիմնովին ոչնչացրել են նաև Հայոց ցեղասպանության, Հայրենական պատերազմի և Արցախյան առաջին պատերազմի զոհերի հիշատակին նվիրված կոթողը:

Մշակութային վանդալիզմի փաստի վերաբերյալ դիվանագիտական արձագանքը 

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիյա Զախարովան Ավետարանոց գյուղում Հայրենական Մեծ պատերազմի զոհերին նվիրված հուշարձանի պղծման վերաբերյալ նշել է [1], որ հուշարձանների ցանկացած պղծում անթույլատրելի է։ 

«Հուշարձանների պղծման վերաբերյալ մեր սկզբունքային դիրքորոշումը քաջ հայտնի է: Հուշարձանների ցանկացած պղծում անթույլատրելի է, իսկ երբ խոսքը վերաբերում է Հայրենական մեծ պատերազմի հերոսների հուշարձաններին, ապա այստեղ սկզբունքորեն ոչ մի այլ դիրքորոշում չի կարող լինել։ Ընդհանուր առմամբ, և Մոսկվայում, և Բաքվում, և Երևանում պետք է հիշել, որ Հայրենական մեծ պատերազմը և դրանում հաղթանակը մեր ժողովուրդների ձեռքբերումն է։ Եվ մենք բոլորս միասին պետք է արձագանքենք վանդալիզմի ակտերին կամ այդ իրադարձությունների հերոսների հուշարձանները պղծելուն ոչ միայն առանձին դեպքերում, այլ միշտ»,- ասել է նա։

Զախարովայի խոսքով՝ Ադրբեջանից իրեն հավաստիացրել են, որ Հայրենական մեծ պատերազմում զոհված հերոսների հիշատակին նվիրված հուշարձանների և գերեզմանատների ավերման, վանդալիզմի ակտերը ժամանակին արձանագրվել են:

Արցախի գրավյալ տարածքներում հենց Հայրենական պատերազմի հուշարձանների ոչնչացման կամ պղծման փաստին տարբեր անգամներ անդրադարձել է Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը: 

Արցախի արտաքին գերատեսչության ղեկավարը նաև տեղեկացրել է, որ «Մեծ Թաղեր գյուղում ոչնչացվել է ԽՍՀՄ ավիացիայի մարշալ Սերգեյ Ալեքսանդրովիչ Խուդյակովի (Արմենակ Խանփերյանց) հուշարձանը: Ազոխ գյուղում ոչնչացվել է Խորհրդային հակաօդային պաշտպանության համակարգի հիմնադիր հայրերից մեկի` գեներալ-գնդապետ Սերգեյ Սարդարովի հուշարձանը: Ծովակալ Հովհաննես Իսակովի հիշատակը ոչնչացվում է նրա հայրենի Հադրութի շրջանում»:

Դավիթ Բաբայանը նշել է, որ «ակտիվորեն ոչնչացվում են այն գործիչների հուշարձանները, որոնք ներդրում են ունեցել ֆաշիզմի դեմ Սովետական ​​Միության հաղթանակի եւ  դարչնագույն ժանտախտից մարդկության փրկության գործում:

Շուշի քաղաքում ոչնչացվել է Խորհրդային Միության կրկնակի հերոս, հայտնի ռազմական օդաչու Նելսոն Ստեփանյանի հուշարձանը: Մի քանի օր առաջ ոչնչացվել է լեգենդար անձնավորություն, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության (ԽՍՀՄ) գունավոր մետաղագործության նախարար, Նախարարների խորհրդի նախագահի տեղակալ, Ճապոնիայում ԽՍՀՄ դեսպան Իվան Ֆյոդորի Թեւոսյանի հուշարձանը: Հյուսիսային Արցախի Չարդախլու գյուղում, վաղուց ոչնչացվել են Հայրենական մեծ պատերազմի այս ականավոր հրամանատարների հուշարձանները»:

ՍՀՄ պետական գործիչ Իվան Ֆյոդորի Թևոսյանի հուշարձանի ոչնաչցման տեսանյութը ստորև.

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով