Հուլիսի 26-ին գերեվարված Արցախի Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղի բնակիչը, երեկ՝ ռուս խաղաղապահների միջնորդությամբ, արտահանձնվել է հայկական կողմին:
Նախնական բուժզննման արդյունքները ցույց են տվել, որ նա դաժան ծեծի է ենթարկվել Ադրբեջանի ԶՈւ զինծառայողների կողմից: Անմարդկային վերաբերմունքի արդյունքում, հայկական գյուղի բնակիչը վիրավորում է ստացել աջ ոտքից, իսկ նրա շորերը պատառոտվել էին: Հիմա նա գտնվում է գյուղում՝ իր տանը:
Արցախի օմբուդսմեն Գեղամ Ստեփանյանը հայտնում է, որ այդպիսով ադրբեջանական կողմը շարունակում է իր ագրեսիվ քաղաքականությունը՝ բաց չթողնելով Արցախի բնակիչներին խոշտանգելու և նվաստացնելու հնարավորությունը, ովքեր հայտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում:
Արցախի օմբուդսմենը հրավիրում է միջազգային կառույցների և Արցախի իրավապաշտպան մարմինների ուշադրությունն այս միջադեպին:
Հարկ է նշել, որ Մաճկալաշեն գյուղի բնակիչը՝ ծնված 1989թ., կորած անուսնների որոնման արդյունքում պատահական հայտնվել է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում: Արցախյան երկրորդ պատերազմի ավարտից հետո նմանատիպ միջադեպեր են տեղի ունեցել նաև Հայաստանի հետ սահմանին:
Ինչու՞ է դա տեղի ունենում և ի՞նչ է դա նշանակում
Սրան «նպաստում է» շփման նոր գիծը, որը Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության արդյունքում անցնում է հայկական բնակավայրերի վարչական տարածքներով: Գյուղերի շատ տարածքներ, որոնք անհրաժեշտ են գյուղացիներին իրենց կենսական կարիքներն ապահովելու համար, անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ և դարձել չեզոք գոտի, որոնք այլևս պիտանի չեն օգտագործման համար:
Սա նույնպես իրենից վտանգ է ներկայացնում հայկական սահմանամերձ գյուղերի համար թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի տարածքում: Ադրբեջանի զինված ուժերը՝ ս.թ մայիսի բռնազավթել են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի մի մասը: Նույնը վերաբերվում է նաև Արցախին:
Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը ևս մեկ անգամ փաստում է, որ նրանց իրավասության տակ գտնվող տարածքներում հայ բնակիչների հայտնվելու տեսական հնարավորության դեպքում, նրանց կյանքին լուրջ վտանգ է սպառնում:
Արցախի Մաճկալաշեն գյուղի գյուղի բնակիչը՝ գերեվարված ս.թ հուլիսի 26-ին, ով ենթարկվել է խոշտանգումների ադրբեջանցի զինծառայողների կողմից