Ադրբեջանը Արցախի բռնազավթված տարածքներում շարունակում է հայկական մշակույթի հետևողական ոչնչացման և յուրացման քաղաքականությունը: Առաջնային թիրախը հենց պատմական հայկական Շուշի քաղաքն է, որը 2023թ. ադրբեջանցիները ծրագրում են հայտարարել «Թյուրքական աշխարհի մայրաքաղաք»։
Արձանագրելով Շուշիում թե՛ պատերազմի ընթացքում, թե՛ պատերազմից հետո ադրբեջանցիների քայլերը՝ հստակ կարող ենք ասել, որ Շուշիում էլ առաջնային թիրախը հենց Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին է։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ադրբեջանցիները «վերականգնողական աշխատաքներ» են սկսել Շուշիում՝ ինչպես պաշտոնական քարոզչամեքենան է պնդում՝ վերականգելու եկեղեցու «իրական տեսքը»։
Սոցիալական ցանցերում վերջերս Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցուց հրապարակված լուսանկարում երևում է, որ եկեղեցու տարածքում շարունակվում են իրականացվել հայկական մշակութային բոլոր հետքերի վերացման, եկեղեցու հայկական ճարտարապետական հորինվածքի աղավաղման և ձևափոխման աշխատանքները։
Մինչ օրս գմբեթը բացակայում է տաճարից, անգամ վերանորոգված չեն պատերազմի ժամանակ ադրբեջանկան կողմի ռմբակոծման արդյունքում եկեղեցու վնասված հատվածները, ինչը ցանկության դեպքում արդեն կարող էր արված լինել։ Մինչ օրս ադրբեջանական կողմը այդ ուղղությամբ որևէ «աշխատանք» չի կատարել։
Այս ամենը ևս մեկ անգամ փաստում է, որ Ադրբեջանի քայլերը ուղղված չեն իրենց իսկ կողմից վնասված եկեղեցու «վերականգմանը», այլ նպատակ են հետապնդում կեղծ թեզերի օգնությամբ հնարավոր բոլոր միջոցներով ոչնչացնել Արցախի տարածքներում հայկական մշակույթը։
Հիշեցնենք, որ Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու գմբեթը վնասվել էր նաև 1920թ. Շուշիի հայերի ջարդերի ժամանակ և վերակառուցվել էր ըստ նախնական ճարտարապետական պլանի միայն Շուշիի ազատագրումից հետո։ 2020թ. Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ժամանակ Ղազանչեցոց եկեղեցին ենթարկվել է կրկնակի ռմբակոծման։
Մեկ դար անց էլ Ադրբեջանը շարունակում է պայքարել Ղազանչեցոց եկեղեցու դեմ։