Ադրբեջանցիները ավերել են Ավետարանոց գյուղի Հայրենական մեծ պատերազմին նվիրված հուշարձանի մի հատվածը

Ադրբեջանը շարունակում է ոչնչացնել, պղծել Արցախի գրավյալ տարածքներում գտնվող հայկական հուշարձանները: Ադրբեջանցիների կողմից իրականացվող մշակութային վանդալիզմը չի շրջանցում անգամ Երկրորդ համաշխարհային պատերազմին նվիրված հուշարձանները: 

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ադրբեջանցիները ոչնչացրել են Հադրութ շրջանի Ազոխ գյուղի, Շուշիի շրջանի Քարին տակ գյուղի, Շուշի քաղաքի Հայրենական պատերազմին նվիրված հուշարձանները, իսկ Մեծ Թաղեր գյուղում նաև ԽՍՀՄ մարշալ Խանփերյանցի արձանը:

Բացի այդ, 2020թ. պատերազմից հետո ադրբեջանական սոցցանցերում տեղադրված տեսանյութերում ակնհայտ երևում էր, որ եթե անգամ ամբողջությամբ չէին ոչնչացվում, ապա առնվազն պարբերաբար պղծվում էին Հայրենական պատերազմին նվիրված հուշարձանները։

Դեռ ամիսներ առաջ հայտնել էինք, որ ադրբեջանցիները պղծել են Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղի Հայրենական մեծ պատերազմին նվիրված հուշարձանը: Տվյալ տեսանյութում հուշարձանը պղծված էր ադրբեջանական անուններով, իսկ մեկ այլ տեսանյութում ադրբեջանցի զինվորականները, բացարձակ անարգալից վերաբերմունք ցուցաբերելով Հայրենական պատերազմի հաղթանակը խորհրդանշող հուշարձանի նկատմամբ, կրակահերթ էին բացել այդ հուշարձանի ուղղությամբ: 

Ամենայն հավանականության 2020թ. հոկտեմբերին թվագրվող այդ տեսանյութում, սակայն, հուշարձանը ամբողջովին կանգուն էր և վնասված չէր որևէ հատված: Վերջերս @ararathau թելեգրամյան ալիքը Ավետարանոց գյուղի Հայրենական մեծ պատերազմին նվիրված հուշարձանից տեսանյութ է տարածել, որի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ չնայած հուշարձանաքարը կանգուն է, բայց  այն բավականաչափ վնասված է, գետնին թափված են հուշարձանի ավերված հատվածի բեկորները:


2-րդ Համաշխարհային պատերազմին նվիրված հուշարձանների ոչնչացման, պղծման այլ դեպքերի հետ կարող եք ծանոթանալ այս նյութերում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով