Չավարտվող շրջափակում. Ադրբեջանը Արցախի շրջափակմանը ներգրավել է ազգայնամոլ զանգվածին

2022թ․ դեկտեմբերի 12-ից մինչ օրս Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։ Միջանցքը, որ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհն է, փակվել է իբր ադրբեջանցի «էկոակտիվիստների» «բնապահպանական ակցիա» իրականացնելու կեղծ պատճառաբանությամբ, իսկ իրականում՝ Ադրբեջանի իշխանությունների անմիջական նախաձեռնությամբ և բնավ ոչ բնապահպանական նկատառումներով։

Սա այլևս ոչ ոքի համար գաղտնիք չէ։ Ի թիվս այլ անհերքելի ապացույցների՝ այս մասին են վկայում նաև շրջափակման մասնակիցների սոցցանցային էջերի ուսումնասիրությունները (մասնակիցների ցանկը)։ Ըստ որում ոչ միայն սովորական մասնակիցների, այլ նաև «լուսաբանման» համար այնտեղ գործուղված լրագրողների էջերի դիտարկումը ցույց է տալիս, որ ընտրվել են առավելագույն հայատյացությամբ աչքի ընկնող անձինք։

Ինչպես նշել էինք մեր նախորդ ուսումնասիրության մեջ, ակցիայի մասնակից «ՀԿ»-ները ֆինանսավորվում են Ադրբեջանի նախագահի աշխատակազմի երկու կառույցի՝ «Ադրբեջանի երիտասարդներ» հիմնադրամի և «Ադրբեջանի ՀԿ-ներին պետական աջակցության կոմիտեի» կողմից։ Տվյալ կառույցների ղեկավարները նույնպես ներգրավված են։ Մասնակացում են նաև Ադրբեջանի տարբեր նախարարություններին կից գործող «հասարակական խորհուրդները», մասնավորապես՝ էկոլոգիայի նախարարությանը կից։ Անմիջական ներգրավվածություն ունի էկոնոմիկայի փոխնախարարը։ 

Արցախի շրջափակմանը ակտիվորեն մասնակցում են նաև իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցության անդամները, կուսակցության հետ կապ ունեցող անձինք, շրջանների վարչակազմերի աշխատողները, ինչպես նաև բոլոր պետական կառույցներին կից գործող «կամավորական» շարժումները և նաև Ադրբեջանի ՆԳՆ-ն, ՊՆ-ն ու հատուկ ծառայությունները։

Սույն ուսումնասիրության մեջ փորձել ենք դիտարկել ադրբեջանցի լրագրողներին և որոշ անձանց, որոնք աչքի են ընկել հակահայկական ակտիվ գործողություններով։ Հարկ է նշել, որ նշվաշ անձինք հանդես են գալիս ոչ թե ինչ-որ մտացածին բնապահպանական, այլ Արցախի նկատմամբ տարածքային պահանջներով և քաղաքական հայտարարություններով։

Արցախի արդեն 80-օրյա շրջափակման ակտիվ մասնակիցներից է Boyuk Millet լրատվական պորտալի աշխատակից Սիմա Բաբաևան (Sima Babayeva, ըստ Ֆեյսբուքյան էջի)։ Ս․ Բաբաևան Ֆեյսբուքի իր հաշվի հրապարակումներում (1,2) անիծել ու վիրավորել է ոչ միայն հայերին, այլև խաղաղապահներին։ 

Դեկտեմբերի 13-ին Facebook-ում հրապարակում է կատարել՝ նշելով․ «Դադարեցվել է դեպի Ստեփանակերտ բնական գազի մատակարարումը։ Աստված թող կտրի լույսերը, ջրերը, ամեն»։

Դեկտեմբերի 14-ին 4 տեսանյութ է հրապարակել ավտոբուսից՝ կից նշելով․ «Պատերազմը հաղթած հերոսների հետ դեպի Շուշի»։ Հրապարակած տեսանյութերում երևում են, որ ավտոբուսում նստած են նաև Ադրբեջանի ՆԳՆ և ՊՆ զինծառայողներ։  

Դեկտեմբերի 14-ին շրջափակման մեկ այլ մասնակից՝ Վեֆա Աբբասովան, ավտոբուսի սրահից հրապարակել լուսանկար է հրապարկել Ս․ Բաբաևա անվամբ կնոջ հետ։ Այնուհետև նույն նկարը նորից է հրապարակել՝ կից գրելով «Մեր ճամփան դեպի Շուշի»։  Դեկտեմբերի 15-ին լուսանկար և տեսանյութ է հրապարակել ակցիայի վայրից։ 

Արցախի շրջափակման մասնակիցողների թվում է նաև Doğru az կայքի հիմնադիր Իլգամ Ջաբիևը (Ilqam Cebiyev)։ Դեկտեմբերի 12-ին Facebook-ում գրել է, որ պատրաստ է լինել Լաչինի ճանապարհին ակցիա իրականացնող գործընկերների կողքին։ Հաջորդ օրը՝ դեկտեմբերի 13-ին, լրագրող Məhəmməd Türkmən-ի հետ արված լուսանկար է հրապարակել՝ կից նշելով․ «Շուշի-Սստեփանակերտ ճանապարհին իրականացվող ակցիայի ժամանակ, թանկագին եղբայր Մահամմադ Թյուրքմենի հետ․․․ Խանքենդին (Ստեփանակերտ), Խոջալուն (Իվանյան)  Ադրբեջան է»։ Դեկտեմբերի 13-ին առաջին տեսանյութն է հրապարակել ակցիայի վերաբերյալ։ 

Ուշագրավ է, որ հունվարի 17-ին ֆեյսբուքում լուսանկար է հրապարակել Ռամիլ Սաֆարովի հետ, ով 2004թ․ փետրվարի 19-ին Բուդապեշտում դաժանաբար կացնահարել և սպանել էր հայ սպա Գուրգեն Մարգարյանին՝ կից նշելով «Իմ Ադրբեջանի հպարտությունը»։

Ստորև ներկայացված է լրագրող Իսմայիլ Բալջանովը (İsmayıl Balcanov), ում «Ֆեյսբուքյան» էջում նշված է, որ աշխատում է APA TV-ում, Azad Azərbaycan TV-ում (Հիմնվել է 2000 թ․։ Իշխանական քարոզչություն իրականացնող հեռուստաընկերություն է ) և İctimai TV-ում (ստեղծվել է 2005թ. պետական AzTV-ի 2-րդ ալիքի հիման վրա: Ըստ Լրագրողների ազատության և անվտանգության ինստիտուտ-ի 2013թ. զեկույցի՝ ավելի շատ գործում է որպես «պետական», քան «հանրային» հեռուստաընկերություն)։

Դեկտեմբերի 14-ին իբր «էկոակտիվիստ» երկու կանանց հետ լուսանկար է հրապարակել՝ կից «գորշ գայլեր» գրառմամբ («գորշ գայլեր»-ը նեոֆաշիստական, ահաբեկչական կազմակերպություն է, Թուրքիայի Ազգայնական շարժում կուսակցության ռազմական թևը), որում երեքն էլ ձեռքով «գորշ գայլերի» նշանն են ցույց տալիս։

Լուսանկարում կանանցից Գունել Յազը (Gunel Yaz) ևս լրագրող է։ Նրա «Ֆեյսբուքյան» էջում նշված է որպես թուրք դեսպան Հուլուսի Քըլըչի խորհրդական (Büyükelçi Hulusi Kılıç)։ Ըստ Գ․ Յազի «Ֆեյսբուքյան» էջի՝ սովորում է նաև Աթաթյուրքի անվան համալսարանում, որը գտնվում է Էրզրումում։ Հարկ է նշել, որ Էրզրումը ներկայում համարվում է «գորշ գայլերի» օջախ։

Լուսանկարում մյուս կնոջ՝ Լամիյա Ռովշանգըզըի՝ (Lamiya Rovshanqizi) շրջափակմանը մասնակցության, ինչպես նաև իր վերաբերյալ սոցցանցերում հավելյալ տեղեկություն գտնել մեզ չհաջողվեց (Facebook-ում չկա տեղեկություն, իսկ Instagram-ի էջը փակ է)։

Արցախի շրջափակման ակտիվ մասնակիցներից է նաև լրագրող Սելջուգ Էլչինը (Selcuq Elcin), ով ըստ իր Ֆեյսբուքյան էջի՝ աշխատում է APA և ONA լրատվականներում։ Դեկտեմբերի 13-ին Ս․ Էլչինը մեկ այլ լրագրողի՝ Հաֆիզ Հեյդարովի հետ (Hafiz Heydarov) «Ֆեյսբուքյան» էջում «գորշ գայլերի» նշանով լուսանկար է հրապարակել։

Նշենք, որ Հաֆիզ Հեյդարովի ( Hafiz Heydarov) «Ֆեյսբուքյան» էջից պարզ է դարձել, որ դեկտեմբերի 7-ին՝ երկրորդ շրջափակումից մի քանի օր առաջ, նա եղել է Շուշիում, այնտեղ արված լուսանկար է հրապարակել, որում գորշ գայլերի նշանն է ցույց տալիս։ Այնուհետև փորձել է գնալ Ստեփանակերտ, սակայն ռուս խաղաղապահները թույլ չեն տվել։ Այդ մասին նա նաև դեկտեմբերի 7-ին ֆեյսբուքում լուսանկարներ է հրապարակել՝ կից նշելով՝ «Ռուսները մեզ չթողեցին մեր հողերը, Շուշա (Շուշի)-Խանքենդի (Ստեփանակերտ) ճանապարհ»։ Նշենք նաև, որ ըստ Հ․ Հեյդարովի Ֆեյսբուքյան էջի՝ աշխատում է  APA և Lent․az լրատվականներում։

Դեկտեմբերի 13-ին Հ․ Հեյդարովը İnstagram-ի էջում գորշ գայլերի նշանով ևս մեկ լուսանկար է հրապարակել։ Հատկանշական է, որ լուսանկարին կից մեկնաբանության մեջ միայն Արցախի նկատմամբ տարածքային պահանջով կոչեր են. բնապահպանական թեմայի հետ կապված ոչ մի խոսք չկա։ 

Շրջափակման մասնակիցներից է եղել նաև պետական AzTV-ի լրագրող Էլշադ Հեյդարովը (Elşad Heydərov) (2005թ. մարտի 23-ին նախագահ Ի. Ալիևի հրամանով՝ «Ադրբեջանի պետական հեռուստաընկերության և ռադիոյի hաղորդումներ» ընկերության հիմքի վրա ստեղծվել է «Ադրբեջանի hեռուստատեսության և ռադիոյի hաղորդումներ» ՓԲԸ-ն: AzTV-ի 100% բաժնետերը՝ պետությունն է) ։

Հեյդարովը 2022թ․ սեպտեմբերի 1-ին Բերձորի հայկական եկեղեցու բակում արված լուսանկար է հրապարակել, որում գորշ գայլերի նշանն է ցույց տվել (նշել է, որ նկարվել է հրապարակելուց 5 օր առաջ)։ 

Որպես «էկոակտիվիստ»՝ շրջափակմանը մասնակցում է նաև Թուրալ Նուրմամմադով (Tural Nurmammadov) անվամբ մի անձ։ Նա իր մասնակցության վերաբերյալ առաջին տեսանյութը հրապարակել է 2022 թ. դեկտեմբերի 12-ին։ Նուրմամմադովի Ֆեյսբուքյան էջում նշված է, որ աշխատել է իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցության Խոջալուի կազմակերպությունում (YAP Xocalı təşkilatı) և ներկայում Qeyd–Sosial Maarifləndirmə İctimai Birliyi հասարակական միության նախագահն է։ 

Բացի Նուրմամմադովից, Արցախի շրջափակմանը ակտիվ մասնակցում են նաև նշված Qeyd–Sosial Maarifləndirmə İctimai Birliyi «ՀԿ»-ի այլ անդամներ ևս։

Ադրբեջանի իշխող կուսակցության՝ «Նոր Ադրբեջանի» անդամներից Արցախի շրջափակմանը մասնակցում է նաև Ագիլ Իսմայիլզադեն (Aqil İsmayılzade)։ Ըստ Ա․ Իսմայիլզադենի «Ֆեյսբուքյան» էջի՝ աշխատում է կուսակցության Մինգեչաուրի գրասենյակում, ինչպես նաև աշխատում է Հեյդար Ալիևի հիմնադրամի (նախագահը Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մ. Ալիևան է) նախագիծ Regional İnkişaf-RİİB,  Ireli, Qeyd–Sosial Maarifləndirmə հասարակական միություններում։ 

Հարկ է նշել նաև, որ վերը նշված միությունների ներկայացուցիչները ևս ակտիվ կերպով ներգրավված են Արցախի շրջափակամանը և, մասնավորապես սկսած դեկտեմբերի վերջից, կազմում են հիմնական կորիզը։

Խարի Բյուլբյուլ Հյուրանոցը՝ որպես պետական միջոցառումների անցկաման վայր

Հետազոտության արդյունքում պարզ է դառնում, որ շրջափակաման բոլոր մասնակիցները գիշերակացով մնում են բռնազավթված Շուշի քաղաքում գտնվող «ԽարըԲյուլբյուլ» կոչվող հյուրանոցում (Shushi Grand Hotel։ Շուշիի բռնազավթումից հետո զավթվել և անվանափոխվել է «ԽարըԲյուլբյուլի»):

Իսկ ինչո՞վ է առանձնահատուկ այս հյուրանոցը և ինչո՞ւ են բոլորն այստեղ մնում: 

Նախ սկսենք նրանից, որ հյուրանոցի «վերանորոգումից» հետո բացման արարողությանը մասնակցել է Ի. Ալիևը: Այս փաստը հերթական ապացույցն է նրա, որ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի վրա բոլոր գործողությունները կազմակերպված և կոորդինացվում են պետական մարմինների կողմից: 

Մենք շարունակել ենք ուսումնասիրել այս թեմայով որոշ սոցցանցեր և արդյունքում պարզել, որ նշված հյուրանոցը նախկինում նույնպես պետական մարմինների կողմից կազմակերպված միջոցառումների մասնակիցների համար եղել է գիշերակացի վայր: Մեզ արդեն հայտնի «էկոակտիվիստ» Շահին Ալիևը իր Թվիթերյան միկրոբլոգում 2022թ. մայիսին գրում է. «Մշակույթի Նախարարության կողմից այս գործուղվում եմ Շուշի: Մինչև ամսի 14-ը «ԽարըԲյուլբյուլ» միջազգային փառատոնին մասնակից արտերկրյա հյուրերին եմ դիմելու»: 

Միևնույն ժամանակ Շահինը իր Ինստագրամյան higlight բաժնում պահպանել է ԽարըԲյուլբյուլ փառատոնից մի քանի նկար, որոնցից մեկում անցկացման վայրը նշված է հենց ԽարըԲյուլբյուլ հյուրանոցը: Հետևաբար սա մեզ թույլ է տալիս ենթադրել, որ պետության կողմից կազմակերված միջոցառումների (որոնք տեղի են ունենում կա՛մ Շուշիում, կա՛մ մոտակայքում) մասնակիցներին տրվում են համարներ այս հյուրանոցում, ուստի այսօրվա շրջափակման մասնակիցների այս հյուրանոցում մնալը, և նախկինում նման երևույթի լինելու զուգահեռները կարող ենք համարել ևս մեկ ապացույց:

Նկատենք նաև, որ Ադրբեջանի քաղաքացիներն առանց հատուկ թույլտվության չեն կարող գնալ Արցախի բռնազավթված տարածքներ։ Ադրբեջանական մամուլում ժամանակ առ ժամանակ լուրեր են տարածվում այն ադրբեջանցիների ձերբակալման մասին, ովքեր փորձել են գնալ Արցախից բռնազավթված տարածքներ։

Սա ևս փաստում է այն, որ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի փակումը կազմակերպվել է անմիջապես Ադրբեջանի իշխանությունների կողմից, և այն կազմակերպվել է ոչ թե բնապահպանական ինչ-որ խնդրի լուծման կամ արծարծման նպատակով, այլ կրում է զուտ քաղաքական բնույթ։ Ըստ էության, շրջափակումը կազմակերպվել է ՀՀ-ի և ԼՂ-ի վրա ճնշումներ գործադրելու, «խաղաղության պայմանագրի համար բանակցություններում» զիջումներ կորզելու և որպես վերջնանպատակ՝ Արցախը հայաթափելու համար։






			

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով