Ադրբեջանի կողմից կռված վարձկանների կորուստները Արցախում

Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում համացանցում հաճախակի հանդիպում էին տեղեկություններ սիրիացի վարձկանների մահվան դեպքերի, նրանց դիակների տեղափոխման վերաբերյալ: 

Որոշ տեղեկությունների համաձայն՝ գրոհայինների դիերը ինքնաթիռներով տեղափոխվել են թուրք-սիրիական սահման, որտեղից դրանք հանձնվել են հարազատներին։

Սպանվածների հարազատներն այդ մասին տեղեկություններ են հաղորդել տարբեր կազմակերպությունների և միջազգային լրատվամիջոցների: Նշված միջազգային լրատվամիջոցները անցկացրել են նաև սեփական քննությունը, որի արդյունքում հաջողվել է պարզել դիակների ինքնությունը, սպանված վարձկանների բնակության վայրը և այլ մանրամասներ։ Նրանց ձեռքում են հայտնվել սպանվածների նկարները, ինչն էլ ավելի է ամբողջացնում պատկերը։ 

Սիրիայի Մարդու Իրավունքների Մոնիթորինգի կենտրոն

Հոկտեմբերի 28-ին Սիրիայի Մարդու Իրավունքների Մոնիթորինգի կենտրոնի ակտիվիստները տվյալներ են հավաքել Արցախում մարտերի ընթացքում սպանված 25 սիրիացի վարձկանների դիերը՝ Թուրքիայի ներգրավմամբ Սիրիա տեղափոխելու վերաբերյալ: Հարկ է նշել, որ դիակները Սիրիա են տեղափոխվել Հալեպի հյուսիսում գտնվող Հավար Քիլիս «ռազմական անցակետով»: 

Հարկ է նշել, որ Հավար Քիլիս «ռազմական անցակետը» իրականում Թուրքիայի սահմանին մոտ տեղակայված զինյալների ճամբար է, որը ծառայել է որպես Արցախ տեղափոխված ահաբեկիչների հավաքակայան: Սույն փաստարկը իր հերթին հիմնավորում է սիրիակն կառույցի պնդման իրավացիությունը:

Ըստ նշված Կենտրոնի ներկայացրած տվյալների՝ մինչև հոկտեմբերի 28-ն ընկած ժամանակահատվածում Արցախում կռված վարձկաններն ունեցել են 217 կորուստ, այդ թվում՝ 163-ի մարմինները տեղափոխվել են Սիրիա, իսկ մնացած դիերը մնացել են Ադրբեջանում:

Մոնիթորինգի կենտրոնի տվյալներով՝ Լեռնային Ղարաբաղում մարտերում ներգրավված սիրիացի գրոհայինների ընդհանուր թիվը հասել է առնվազն 2350-ի, որոնցից 320-ը վերադարձել է Սիրիա՝ հրաժարվելով վճարից և մարտերին մասնակցելուց:

Սիրիացի վարձկանների՝ Արցախում ունեցած կորուստների թեմային անդրադարձել են նաև մի շարք միջազգային հեղինակավոր լրատվամիջոցներ:

The Washington Post

Այսպես՝ հեղինակավոր The Washington Post պարբերականը հոկտեմբերի 14-ին հրապարակած հոդվածում հայտնել էր, որ վարձկանների ընտանիքները հավաքվել էին Սիրիա-թուրքական սահմանային անցակետում գտնվող սառնարան-բեռնատարի շուրջ՝ սպասելով այդ ամսվա սկզբին բերված, «այնտեղից 600 մղոն հեռավորության վրա ընթացող պատերազմում» (Արցախում՝ խմբ.) սպանված 52 սիրիացի տղամարդկանց մարմինները ստանալուն:

Հարազատների խոսքերով՝ սպանվածները վարձկաններ են եղել, որոնք հավաքագրվել են Սիրիայում Թուրքիայի հովանավորյալ զինյալների միջոցով՝ «Ադրբեջանի բանակի շարքերում Հայաստանի դեմ պատերազմելու համար»։ 

38-ամյա սիրիացի գրոհային Մահմուդ Նաջարի զարմիկն, որը գնացել է այնտեղ դիակը ստանալու, հեռախոսով հարցման ժամանակ ասել է, որ Նաջարի մարմինը բեռնատարում նշվել է 12 համարով:

Մուհամադ Նաջար (նկարը՝ Washington Post-ի)

Երկու գրոհայինների՝ Նաջարի և նրա ընկերոջ հարազատները հարցազրույցում հայտնել են, որ Թուրքիային ենթարկվող աշխարհազորայինները աշխատավարձ են խոստացել զինյալներին, և, որ հավաքագրված գրոհայինները Ադրբեջան են մեկնել Թուրքիայի հարավից:

Մահմուդ Նաջարի զարմիկն նշել է, որ ինքն ու իր ընտանիքը մարտական գործողությունների մասին վերջին տեղեկությունները ստացել են սիրիացիներից, որոնք ճամփորդել են Նաջարի հետ․ նրանք միջազգային հեռախոսակապ են ունեցել:

«Վարձկանները մեկնել են Թուրքիայի հարավից»,— ասել է զարմիկը։ «Առաջին օրը Ադրբեջանում նրանց տվել են քողարկման թեթև կանաչ երանգներով համազգեստ (Ինչպես նշել ենք՝ նրանք եղել են Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության համազգեստով, որը տեսքով համապատասխանում է նկարագրվածին՝ հեղ.)»։

«Աշխատանքի» համար խոստացել են 2000 ԱՄՆ դոլար աշխատավարձ, ինչն էլ եղել է Նաջարի գնալու հիմնական պատճառը։ Ազգականի խոսքով՝ Նաջարը մեկնել է ռազմաճակատ՝ հայերի կողմից ամրացված դիրքերի ուղությամբ և սպանվել է դիպուկահարի գնդակից։

Սիրիացիները հանուն ճշմարտության և արդարության (STJ)

Մեկ այլ՝ Սիրիացիները հանուն ճշմարտության և արդարության (STJ) կազմակերպությունը հարցում է անցկացրել Ադրբեջանում մի շարք սպանվածների հարազատների հետ, որոնցից մի քանիսը ստացել են իրենց որդիների մարմինները:

Սեպտեմբերի վերջին STJ-ի դաշտային հետազոտողը մեկնել էր Հավար Քիլիս սահմանային անցակետ, որտեղ հավաքել էին գրոհայինների մարմինները՝ նախքան հարազատներին հանձնելը: Հետազոտողը ստացել է հարազատներին հանձնելու պատրաստ 64 մարմինների գոյությունը հաստատող տեղեկություններ: Տեղի թուրք հրամանատարը տեղեկացրել է, որ 15 օրը մեկ դիակները բերվում են Սիրիա։ 

STJ-ի հետազոտողը հանդիպել է գրոհային Մուհամմադ Խալեդ Ալ-Շիհնի ազգականի հետ, որը ծագումով Իդլիբի Մաարատ ալ-Նուման քաղաքից է և սպանվել Է «Ադրբեջանում»: Նա հայտնել է․

«Մուհամմադը մինչ «Սուլեյման շահ» բրիգադին (հայտնի է նաև որպես՝ Ալ-Համշատ) միանալը եղել է մի քանի խմբավորումներում։ Նրա [«Սուլեյման շահ» խմբավորման] միջոցով տեղափոխվեց Ադրբեջան։ Վերջին անգամ ես նրան տեսել եմ սեպտեմբերի 15-ին, և այդ ժամանակ նա ինձ ասաց, որ մեկնում է Ադրբեջան։ 

Սեպտեմբերի 19-ին նա զանգահարեց մեզ և հայտնեց, որ դեռ գտնվում է Թուրքիայում, և որ իր չվերթը կլինի հաջորդ օրը․ այդ ժամանակից ի վեր նրա մասին լուր չկար: Սակայն երկու օր առաջ նրա խմբի ղեկավարը մեզ ասաց, որ իրեն սպանել են, և մեզ կուղարկեն նրա մարմինը․ այն ստացանք հոկտեմբերի 4-ին»:

Մուհամմադ Խալես ալ-Շիհնահը Ադրբեջան մեկնելուց հետո և առաջ

STJ-ի հետազոտողը հանդիպել է նաև ալ-Համզա դիվիզիայի գրոհայինի, որը մանրամասներ է հաղորդել Արցախում տեղի ունեցած որոշ դրվագների մասին։

«Մուհամադ Աշ-Շաալանը եղել է «Թվար ալ-Շամ / Լևանտի հեղափոխականները» խմբավորման անդամ: Նա խումբը լքել է մի քանի շաբաթ առաջ և իր գումարտակով միացել է «Ալ-Համզա / ալ-Համզաթ» դիվիզիային, որպեսզի մեկնի պատերազմելու Ադրբեջանում։ Սակայն, երբ նա ժամանել է այնտեղ, վեճ է ծագել «Ալ Համզա» դիվիզիայի առաջնորդ Սաիֆ Աբու Բաքրի հետ․ 

նա խնդրել է իր գումարտակով վերադառնալ Սիրիա, քանի որ այնքան լավ չէր հասկանում այնտեղ տիրող իրավիճակը, ինչը հակասում է դիվիզիզիայի օրենքներին: Դրանից հետո Աբու Բաքրը մի քանի ժամով ձերբակալել Է Աշ-Շաալանին, սակայն ազատ արձակել՝ իր գումարտակի ճնշման տակ, որն այնուհետեւ նրա հետ տեղափոխվել է Հայ-Իրանական սահման, որտեղ էլ Մուհամադ Աշ-Շաալանը և նրա թիկնապահ Հուսեյն Թալհան զոհվել են»:

Ձախից աջ՝  Հուսեյն Թալհա և Մուհամմադ Աշ-Շաալա

STJ-ն ստուգել, նույնականացրել և հաստատել է նաև այլ վարձկանների մահվան մասին տվյալներ։ 

Վերևում աջից՝ Յասիր Աբու Օմար Ֆարզաթ, Քասիմ Մուստաֆա ալ-Ջաթմուր, Աբդ ալ-Հանան Աբդ Ալրազզակ և Բիլալ Ալ-Թայբանի:

Կենտրոնում աջից՝ Մուհամմադ Շաալան, Մահմուդ Նաջար, Հայթամ Ալի Սալման և Հուսեյն Թալհա

Ներքևում աջից՝ Մայոր Քինան Ֆարզաթ, Վալիդ ալ-Աշտար / Աբու Բասիլ, Մուհամմադ Խալեդ ալ Շիհնահ (մինչև սպանվելը), Մուհամմադ Խալեդ ալ Շիհնահ (սպանվելուց հետո):

Այսպիսով, Արցախում Ադրբեջանի կողմից սիրիացի վարձկանների մասնակցությունը հաստատվում է նաև տարբեր աղբյուրներից ստացված անհերքելի փաստերի համադրությամբ: Առկա տվյալները ցույց են տալիս, որ Թուրքիայի օգնությամբ պատերազմից առաջ և ողջ ընթացքում հազարավոր վարձկաններ տեղափոխվել են Ադրբեջան և ուղարկվել ռազմաճակատ. նրանց շրջանում եղել են հարյուրավոր կորուստներ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով