Հայերի կերպարի դեհումանիզացիա ադրբեջանական հասարակական գործիչների կողմից

Ադրբեջանում պետական մակարդակով իրականացվող հակահայկական քարոզչության ակտիվ դերակատարներ են ոչ միայն պետական, քաղաքական գործիչները, այլ նաև՝ հասարակական գործիչները, այդ թվում՝ անվանի բժիշկներ, մշակույթի գործիչներ, հրապարակախոսներ ևն: Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում վերջիներս կազմակերպված կերպով իրականացրել են էթնիկ հայերի դեմ ուղղված ատելության քարոզ, հանդես եկել հայերի կերպարը ապամարդկայնացնելուն ու հրեշացնելուն ուղղված հայտարարություններով:

Ուսումնասիրված նյութերում ադրբեջանցի հասարակական գործիչները հայերին նկարագրելու համար կիրառել են հետևյալ վիրավորական մակդիրները՝

«նենգ», «անհավատ և անմարդկային թշնամի», «վայրագներ», «ստոր» և «խաբեբա», համեմատել միջնադարյան բարբարոսների հետ՝ «Քաղաքակրթության պատերազմն է միջնադարյան բարբարոսության դեմ», որպես հայերի հիմնական հատկանիշ նշել «դավաճանությունը», «կեղծիքը» և «դաժանությունը».

08.10.2020թ., Trend.az — Ադրբեջանի ժողովրդական արտիստ Ռաֆիգ Ազիմով.

«Հայկական խունտան գործում է քառասունականների ֆաշիստների պես… Նրանք սատանայի հանցակիցներն են…»

11.10.2020թ․, Axar.az — Օ. Կուզնեցով. «Բաքուն միջնադարյան բարբարոսի դեմ է պատերազմում»

«Հայկական օկուպացիայից Ղարաբաղի ազատագրման համար պատերազմը ոչ միայն ադրբեջանական ժողովրդի Հայրենական պատերազմն է իր երկրի տարածքային ամբողջականության համար, այլ նաև քաղաքակրթության պատերազմն է միջնադարյան բարբարոսության դեմ, մարդկության բարոյական արժեքների պատերազմը հայ ազգայնականության հոգևոր էգոիզմի դեմ, պատերազմ Եվրասիայի առանցքային տարածաշրջաններից մեկում խաղաղության և կայունության համար»:

17.10.2020թ., Trend.az — Ժողովրդական արտիստ Միրջավադ Ջաֆարով.

«Ղարաբաղյան այս պատերազմը ստի, կեղծիքի և ստորության վրա հիմնված համաշխարհային հայության վերջի սկիզբն է: Մեր բանակի հաղթանակը մոտեցնում է համաշխարհային հայության վախճանը, որը եզրափակվելու է քաղաքական, տնտեսական և հասարակական փլուզումով: Մենք պատրաստ ենք մեռնել հանուն հայ ֆաշիստներից Ադրբեջանի անկախության»

01․04․2020, Azertag.az — Ակադեմիկոս Յագուբ Մահմուդով.

«Հայ վանդալները արժանի պատիժ են կրում»

«Ատելի թշնամին վռնդվում է մեր օկուպացված հողերից: Այդպիսով, հայ վայրագները, որոնք մարդկային արյուն են տենչում, արժանի պատիժ են ստանում»

30.10.2020թ., Trend.az — Ժողովրդական արտիստ Աֆագ Բաշիրգըզը.

«Հայերը ստորությամբ և խաբեությամբ փորձում են խաբել ողջ աշխարհին»

«Հայերը իրենց անտաղանդ դերասանի պես են դրսևորում՝ փորձելով ստորությամբ և խաբեությամբ խաբել ողջ աշխարհին՝ տարածելով ապատեղեկատվություն և կեղծիք, ընդ որում դա անում են իրենց հորինած պատմության ողջ ընթացքում: Այս վայրագներն ու բարբարոսներն առանձնանում են դավաճանությամբ, կեղծիքով, դաժանությամբ…»

18.21.2020թ., Trend.az — Արվեստի վաստակավոր գործիչ Ռաֆիկ Սեիդզադե.

«ՀԱՊԿ-ն պետք է մտածի՝ արդյոք պետք է իրեն այդպիսի ստոր դաշնակից, ինչպիսին Հայաստանն է»

«Պատմությունը ցույց տվեց, որ Խորհրդային Միության պես հսկայական տերության կործանման գլխավոր գործոններից մեկը ադրբեջանական պատմական հողում սանձազերծված հայկական արյունոտ անջատողականությունն էր… Երեք տասնյակ տարիների ընթացքում մենք ցանկանում էինք ամեն ինչ լուծել խաղաղ ճանապարհով, սակայն հայ ֆաշիստները շարունակում էին վայրագությունները անել մեր հողի վրա: Հասավ ազատագրման ժամը:

… Հայերը մայրական կաթի հետ հարևանների, մասնավորապես, թուրքերի և ադրբեջանցիների նկատմամբ ատելություն և ագրեսիա են խմում՝ այդպիսով ձևավորելով իրենց ազգային-ֆաշիստական գաղափարախոսությունը, որը ներարկում են նաև իրենց երեխաների մեջ: Հայ կեղծ պատմիչներն ու կեղծ քաղաքագետները կործանում են իրենց ազգը՝ վաղեմության, այլ ազգերի նկատմամբ գերակայության գաղափարախոսություններ ներարկելով նրանց մեջ…»

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով