Նախքան վերջին պատերազմը, եկեղեցին վնասվել էր ադրբեջանցի թաթարների կողմից 1920թ. Շուշիի հայերի ջարդերի ժամանակ, իսկ Լեռնային Ղարաբաղի ինքնավար նահանգի ստեղծումից հետո Սովետական Ադրբեջանի իշխանությունների կողմից օգտագործվում էր որպես զինապահոց: 1992թ. Շուշիի ազատագրումից և Արցախի Հանրապետության ստեղծումից հետո, Ղազանչեցոց տաճարը վերականորոգվեց և շարունակեց ծառայել որպես Արցախի մշակութային և կրոնական կենտրոն:
2020թ. աշնանը Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծված ագրեսիայի արդյունքում եկեղեցու գմբեթը լրջորեն վնասվել էր: Հարկ է նշել, որ առաջին ռմբակոծման ժամանակ, Շուշիի բնակիչները՝ մեծամասամբ կանայք և երեխեաներ, պատսպարված էին տաճարի ներսում:
Բարեբախտաբար, այդ ժամանակ ոչ ոք վնասվածք չստացավ, բայց ժամեր անց, երբ լրագրողները տաճարի ներսում և հարակից տարածքում զննում էին ռմբակոծության արդյունքները՝ Ադրբեջանի զինված ուժերը ևս մեկ հարված հասցրին: Երկու ռուս լրագրող և նրանց ուղեկոցող մեկ հայ ստացան վնասվածքներ: «Сегодня» լրատվականի գլխավոր խմբագիրը ծանր վնասվածքներով տեղափոխվեց Ստեփանակերտի հիվանդանոց, որտեղ նրան անհետաձգելի վիրահատություն անցկացրեցին:
«Human Rights Watch»-ը հաստատել է դա.
«Ադրբեջանական զինված ուժերը ռմբակոծել են Շուշի քաղաքի եկեղեցին 2020թ. հոկտեմբերի 8-ին», նշելով, որ այն ենթարկվել է ռմբակոծման երկու անգամ, «ինչը համարվում է կանխամտածված հարձակում, որը համարվում է պատերազմի ժամանակ գործող օրենքների խախտում»:
Պատերազմից ամիսներ անց, Ադրբեջանն սկսեց Ղազանչեցոցի «վերակառուցումը», և, ինչպես տեսանելի էր Շուշիի մոտակայքում ոչ բռնազավթված տարածքներից, ադրբեջանական կողմն իջեցրել էր տաճարի գմբեթը: Ադրբեջանական քարոզչամեքենան նոր թեզ առաջ քաշեց, թե, իբր նրանք վերափոխում են եկեղեցին իր «իրական տեսքին»: Ճակատագրի հեգնանքով, տաճարի գմբեթը վնասվել էր 1920թ. տեղի ունեցած Շուշիի հայերի ջարդերի ժամանակ և վերակառուցվել էր ըստ նախնական ճարտարապետական պլանի միայն նրա ազատագրումից հետո:
Տաճարի բակում գտնվող քաչքարը ոչնչացվել է
Շնորհիվ Ղազանչեցոցի ադրբեջանական վերակառուցման աշխատանքների, տաճարի կողքին տեղադրված խաչքարը վերացել է, որը կարող եք տեսնել ներքևում տեղադրված նկարներում.
Որքան շատ է միջազգային հանրությունը փակում իր աչքերը Արցախում հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացմանը, այդքան շատ Ադրբեջանը ուժ և իրավունք է ստանում հանդես գալ նոր սցենարներով՝ նպատակ ունենալով վերացնել հայկական հետքը Արցախից: