Ադրբեջանի հանցագործությունները հայ ռազմագերիների հանդեպ. Միջազգային արձագանքը

Նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության 8-րդ կետը՝ «…ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում», ենթադրում էր, որ թե՛ Հայաստանում և թե՛ Ադրբեջանում պահվող ռազմագերիները առանց նախապայմանների պետք է վերադարձվեն իրենց հայրենիք: Հայկական կողմը, չխախտելով պայմանավորվածությունը, Ադրբեջանին հանձնեց Հայաստանում պահվող ռազմագերիներին և նույնիսկ ադրբեջանցի դիվերսանտ-մարդասպաններ Շահբազ Գուլիևին և Դիլգամ Ասկերովին (рус.):

Ադրբեջանը, սակայն, մինչ օրս՝ պատերազմից 8 ամիս անց, ոչ միայն չի վերադարձրել բոլոր հայ գերիներն, այլ նաև քրեական գործեր է հարուցել «ահաբեկչության», իսկ նրանց մի մասի դեպքում՝ Արցախյան 1-ին պատերազմի ժամանակ կատարած «խոշտանգումների» շինծու մեղադրանքներով:

Թեպետ եռակողմ համաձայնագրով սահմանվում էր, որ բոլոր ռազմագերիները պետք է ազատ արձակվեն առանց նախապայմանների, Ադրբեջանը գերիների վերադարձի դիմաց Հայաստանից ստացավ նաև Ակնայի (Աղդամ), Վարանդայի (Ֆիզուլի) և Կովսականի (Զանգելան) ականապատ տարածքների քարտեզները:

Բացի Արցախում գերեվարված հայ զինվորներից և քաղաքացիական անձանցից, ադրբեջանական կողմը մայիսի 27-ին ՀՀ տարածքից՝ Գեղարքունիքի ուղղությամբ, 6 զինծառայող էր առևանգել:

Գերիներին վերադարձնելու հարցում Ադրբեջանի վրա մինչ օրս պատշաճ ճնշում չի գործադրվել նաև միջազգային կառույցների կողմից: Եղել են բազմաթիվ դատապարտող հայտարարություններ, որոնք, սակայն, Ադրբեջանի վրա այս հարցում էական ազդեցություն չեն ունեցել: Մինչ օրս Ռուսաստանի, ԱՄՆ, Վրաստանի միջնորդական ջանքերով հաջողվել է վերադարձնել գերիների միայն մի մասին: Այն էլ, ինչպես նշվեց, Հայաստանի կողմից ականապատ դաշտերի քարտեզների տրամադրման հաշվին, ինչը Եռակողմ հայտարարությամբ նախատեսված չէր:

Միջազգային կառույցները, մի շարք պետություններ հանդես են եկել Ադրբեջանի նման քաղաքականությունը դատապարտող հայտարարություններով, ընդունվել են բանաձևեր: Չնայած սրան, մինչ օրս Ռուսաստանի, ԱՄՆ, Վրաստանի միջնորդական ջանքերով հաջողվել է վերադարձնել գերիների միայն մի մասին: Ըստ որում ռազմագերիների զգալի մասը, ինչպես նշվեց, վերադարձվել է ականապատ դաշտերի քարտեզները Ադրբեջանին տրամադրելուց հետո, ինչը եռակողմ հայտարարությամբ նախատեսված չէր:

Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը շարունակում է անտեսել ընդունված բանաձևերն ու հայտարարությունները և կոպտորեն խախտել թե՛ առկա պայմանավորվածությունները, թե՛ միջազգային մարդասիրական իրավունքը:

ՄԻԵԴ-ի ընդունած որոշումները

Պատերազմի ընթացքում Հայաստանը և Ադրբեջանը քանիցս հակառակորդ կողմի նկատմամբ ժամանակվոր միջանկյալ միջոցներ կիրառելու վերաբերյալ հայցեր են ներկայացրել ՄԻԵԴ:

Հայաստանը մասնավորապես նման հայցեր ներկայացրել է սեպտեմբերի 27-ին, հոկտեմբերի 6-ին և 18-ին: Այդ թվում հոկտեմբերի 6-ի հայցը եղել է ընդդեմ Թուրքիայի, իսկ մյուս երկուսը՝ ընդդեմ Ադրբեջանի: 

Սեպտեմբերի 27-ին Հայաստանի ներկայացրած հայցը քննելուց հետո՝ սեպտեմբերի 30-ին հրապարակված որոշմամբ, ՄԻԵԴ-ը կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին դադարեցնել ռազմական գործողությունները, որոնք վտանգի տակ են դնում խաղաղ բնակչության կյանքը և խախտում քաղաքացիական բնակչության կոնվենցիոն իրավունքները: 

Եվրոպական Դատարանը որոշման մեջ նշել էր, որ կողմերի նկատմամբ կիրառվում է ՄԻԵԴ 39-րդ կանոնը, որը սահմանում է պետության կողմից Դատարանի որոշումը կատարելու ընթացակարգը և համապատասխան պարտավորությունները, ինչպես նաև մեխանիզմներ, որոնք գործի են դրվելու որոշումը չկատարելու կամ թերի կատարելու դեպքում:

2020թ. հոկտեմբերի 18-ին Հայաստանի կառավարությունը կրկին հայց է ներկայացրել ընդդեմ Ադրբեջանի՝ նշելով, որ ադրբեջանական կողմը խախտում է  միջազգային մարդասիարական իրավունքը՝ բռնության ենթարկելով ռազմագերիներին և այլ անձանց, ովքեր գերեվարվել են պատերազմի ժամանակ: 

2020թ. հոկտեմբերի 27-ին Ադրբեջանն իր հերթին հայց է ներկայացնում ՄԻԵԴ ընդդեմ Հայաստանի՝ խնդրելով դատարանին միջանկյալ միջոց կիրառել ՀՀ կառավարության դեմ 39-րդ կանոնի կիրառմամբ: Ադրբեջանական կողմն առաջ էր քաշել հետևալ կետերը. «բռնազավթված տարածքների հրետակոծման դադարեցում», «բռնազավթված տարածքներում քրեական իշխանություններին աջակցության դադարեցում», «կամավորների անվան տակ վարձկաններին պատերազմում ներգրավելու դադարեցում» և «Ադրբեջանում ապօրինաբար գտնվող զինված ուժերի դուրս բերում այդ տարածքից»:

2020թ. նոյեմբերի 4-ին ՄԻԵԴ-ը՝ ի պատասխան նոր ներկայացված հայցի, հրապարակում է հաղորդագրություն, որով վերահաստատում է Դատարանի՝ նախկինում ընդունված միջանյալ միջոցառումների վերաբերյալ որոշումները, և փատացի մերժում այլ միջանկյալ միջոցներ կիրառելու վերաբերյալ Ադրբեջանի հայցը: ՄԻԵԴ-ի որոշման մեջ մասնավորապես նշվում է, որ սեպտեմբերի 29-ի և հոկտեմբերի 6-ի որոշումները բավարար են և վերաբերում են երկու կողմերին:

Սեպտեմբերի 29-ի և հոկտեմբերի 6-ի հայցերի հիման վրա ընդունված որոշումները վերաբերվում էին քաղաքացիների իրավունքներին, ինչպես նաև կոչ էր արվում ներգրավված կողմերին, այդ թվում նաև Թուրքիային, կատարել իրենց պարտականությունները համաձայն Կոնվենցիայի: Դատարանը նաև նշում էր, որ հայցեր էր ստացել թե՛ հայկական և թե՛ ադրբեջանական կողմից, ինչպես նաև գերիների բարեկամներից, ինչի համաձայն կոչ էր արել պատասխանատու կառավարությանը տրամադրել գերիների անունները, նրանց կեցության մասին տեղեկություն և ինչ բուժում են նրանք ստանում:

2021թ. հունվարի 4-ին, ՄԻԵԴ-ը բավարարել էր ռազմագերիների և առևանգված քաղաքացիական անձանց մասին Հայաստանի հայցադիմումը՝ Ադրբեջանից պահանջելով տրամադրել համապատասխան տեղեկատվություն, այլապես Ադրբեջանի կողմից խախտումների հարցը պետք է քննարկվեր Եվրոպայի խորհրդի նախարարների խորհրդում (рус.):

2021թ. փետրվարի 1-ին հայկական կողմը կրկին միջպետական հայց էր ներկայացրել ՄԻԵԴ ընդդեմ Ադրբեջանի: Բացի այդ, դատարանը բազմաթիվ հայցեր էր ստացել «ենթադրյալ գերիների վերաբերյալ»՝ թե՛ Հայաստանի և թե՛ Ադրբեջանի կառավարությունների կողմից, որոնք  վերաբերում էին 241 հոգու՝ 228 հայի և 13 ադրբեջանցու:

2021թ. մարտի 16-ին ՄԻԵԴ-ը՝ հիմք ընդունելով 2020թ. սեպտեմբերի 29-ին ընդունված և 2020թ. նոյեմբերի 4-ին պարզաբանված որոշումը, ինչպես նաև ՀՀ կառավարության կողմից ներկայացված՝ Ադրբեջանում պահվող 249 հայ գերիների նկատմամբ հատուկ միջանկյալ միջոցների կիրառման հայցը, որոնք ներառվել են Հայաստանի՝ Ադրբեջանի դեմ միջպետական հայցի շրջանակներում՝ որոշեց. ծանուցում ուղարկել ԵԽ նախարարների կոմիտեին, որտեղ նշվում է, որ նրանց տեղեկացվել է, որ 58 հայեր արտահանձնվել են Հայաստան 2020թ. դեկտեմբերից մինչև 2021թ. փետրվար ընկած ժամանակահատվածում, իսկ նրանցից 7-ը՝ համաձայն Հայաստանի կառավարության, գտնվել են մահացած: Ծանուցման մեջ նշվում է, որ այդ ժամանակահատվածի դրությամբ 249 գերիներից 72-ը դեռևս պահվում էին Ադրբեջանում, որոնց գերությունն ու կալանավորումը Ադրբեջանի ղեկավարությունը չի ժխտել, սակայն, մնացած 112 անձանց վերաբերյալ Ադրբեջանի կառավարությունը նշել է, որ չի կարողացել նրանց նույնականացնել գերիների շրջանում: 

Նույն զեկույցում նշվում է, որ 249 հայ ռազմագերիներից հայրենիք չվերադարձված 229-ի նկատմամբ կիրառվել է ՄԻԵԴ 39-րդ կանոնը, որով Ադրբեջանը, փաստացի, պարտավորվում էր իրականացնել կամ ապացուցել, որ իրականացվել են Դատարանի կողմից սահմանված միջանկյալ միջոցառումները: 

Ադրբեջանի կառավարության դեմ հստակ պահանջ դրվեց ներկայացնել ամբողջական տեղեկություն համապատասխան անձանց կալանավորման պայմանների և բժշկական բոլոր ստուգումների, ինչպես նաև նրանց շուտափույթ արտահանձնման համար իրականացվող քայլերի վերաբերյալ:

Դատարանը մերժեց Ադրբեջանի պահանջը՝ չեղյալ համարելու հայ ռազմագերիների հետ կապված ավելի վաղ ընդունված ժամանակավոր միջոցների կիրառումը: Ադրբեջանը ՄԻԵԴ-ի պահանջը իրականացրեց միայն ամիսներ անց՝ ներկայացնելով որոշակի տվյալներ Բաքվում պահվող, այդ թվում՝ մայիսի 27-ին գերեվարված հայ ռազմագերիների առողջական վիճակի և նրանց առաջադրված մեղադրանքների վերաբերյալ:

Եվրոպական Միություն

2021թ. ապրիլի 28-ին ԵՄ նախարարների կոմիտեի ժողովը 3 կետից բաղկացած որոշում ընդունեց, որտեղ նշվում էր, որ անկախ գերեվարման պայմաններից, բոլոր ռազմագերիները պետք է անհապաղ փոխանակվեն: Հիմք ընդունելով ՄԻԵԴ կայացրած որոշումն Ադրբեջանի վերաբերյալ, ԵՄ նախարարների կոմիտեն ևս կոչ է անում Ադրբեջանի ղեկավարությանը տրամադրել դատարանի կողմից հարցված տեղեկությունը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ

2020թ. դեկտեմբերի 3-ին Մինսկի խումբը համատեղ հայտարարություն տարածեց, որտեղ նշվում էր, որ թե՛ Հայաստանին և թե՛ Ադրբեջանին կոչ են անում «հետևել միջազգային մարդասիրական օրենքի պահանջներին, այդ թվում՝ գերիների փոխանակմանը վերաբերող հարցերում…»:

2021թ. մայիսի 27-28-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահի հետ խորհրդակցություններից հետո համանախագահները հանդես եկան հայտարարությամբ, որտեղ նշում էին ՀՀ տարածքից 6 զինծառայողի առևանգման դեպքի վերաբերյալ իրենց մտահոգությունը, ինչպես նաև կոչ անում ազատել Բաքվում պահվող բոլոր ռազմագերիներին՝ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով:

ԱՄՆ

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի՝ հայկական խնդիրներին վերաբերող պատասխան-զեկույցում նշվում է, որ չնայած եռակողմ համաձայնությանը, Ադրբեջանում պահվող ռազմագերիների անհապաղ ազատ արձակումը շատ կարևոր է:

2021թ. մայիսի 27-ին, ԱՄՆ պետդեպը հայտարարություն էր տարածել, որտեղ մտահոգություն էր հայտնել հայ զինվորների առևանգման փաստի վերաբերյալ՝ ևս մեկ անգամ կոչ անելով Ադրբեջանին ազատ արձակել բոլոր ռազմագերիներին և ձերբակալվածներին:

Ռուսաստանի Դաշնություն

2021թ. մայիսի 6-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատարի հետ հանդիպման ժամանակ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը նշեց, որ շուտով կկարողանան լուծել ռազմագերիների վերադարձի խնդիրը: Ինչպես նաև հավելեց, որ Ռուսաստանը շարունակում է համագործակցել Մինսկի համանախագող պետությունների հետ՝ մարդասիրական ճգնաժամի և պահվող անձանց վերադարձի խնդրի լուծման համատեքստում:

Ֆրանսիա

2021թ. ապրիլի 30-ին, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթը հայտարարել էր, որ Ֆրանսիայի նախագահը ներգրավված է հայ ռազմագերիներին Հայաստան վերադարձնելու գործընթացում, ինչպես նաև աշխատանքներ են ընթանում ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափին վերադառնալու ուղղությամբ:

Նշենք, որ պատերազմից հետո Ադրբեջանը մերժում է Մինսկի խմբի աշխատանքը՝ ասելով, որ Արցախյան խնդիրն այլևս «հանգուցալուծված է», սակայն համանախագահող 3 պետություններն էլ կոչ են արել կողմերին վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ, քանի որ տարածաշրջանի աշխարհաքաղաքական օրակարգում Արցախյան խնդիրը դեռևս առկա է:

Եվրոպայի խորհրդարան

2021թ. մայիսի 18-ին և 19-ին, ԵԽ մի շարք պատգամավորներ համատեղ բանաձև ընդունեցին՝ հիմք ունենալով նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ համատեղ հայտատարությունը, ՄԻԵԴ որոշումը, HRW-ի մարտի 19-ի զեկույցը և ապրիլի 28-ին ԵՄ կողմից ընդունված ռազմագերիների մասին որոշումը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը: Ընդունված բանաձևում հիշատակվում է Եռակողմ հայտարարության 8-րդ կետը, համաձայն որի ռազմագերիները պետք է փոխանակվեին «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով: ԵԽ բանաձևում նաև նշվում է, որ Ադրբեջանը մի շարք անձանց գերեվարել է նոյեմբերի 10-ից հետո՝ նրանց որակելով որպես «ահաբեկիչների» և «դիվերսանտների» ու չի պատրաստվում նրանց դիտարկել որպես ռազմագերիների՝ համաձայն Ժնևյան կոնվենցիայի:

ԵԽ-ն կոչ է անում Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ գերիներին՝ զինվորներին և քաղաքացիականներին, որոնք գերեվարվել էին պատերազմի ընթացքում և դրանից հետո: Ինչպես նաև պահանջում է, որ Ադրբեջանի ղեկավարությունը հարգի իրավական երաշխիքները և թույլ տա փաստաբաններին, բժիշկներին և իրավապաշտպաններին այցելել հայ ռազմագերիներին:

2021թ. մայիսի 20-ին Եվրոպայի խորհրդարանի անդամները ևս մեկ բանաձև ընդունեցին, համաձայն որի նրանք արձանագրում էին վերջին պատերազմի ընթացքում (27.09-10.11) տեղի ունեցած բռնության դեպքերը հայ ռազմագերիների նկատմամբ: Նրանք նաև խորը մտահոգություն էին արտահայտում այն հավաստի հաշվետվությունների վերաբերյալ, որի համաձայն Ադրբեջանը պահում և կտտանքների է ենթարկում հայ ռազմագերիներին ակտիվ բախումների շրջանի ավարտից հետո:

Խորհրդարանի անդամները կոչ են անում Ադրբեջանի ղեկավարությանը տրամադրել գերիների սպառիչ ցուցակ, ինչպես նաև տեղեկություն տալ նրանց կեցության պայմանների, առողջական վիճակի, ներառյալ նրանց, ովքեր մահացել են գերության մեջ: Ընդունված բանաձևում ԵԽ-ն պահանջում է բոլոր հայ ռազմագերիների՝ թե՛ զինվորների և թե՛ քաղաքացիականների անհապաղ արտահանձնում:

Բանաձևին կողմ է քվեարկել 607 պատգամավոր, դեմ՝ 27, իսկ 54՝ ձեռնպահ:

Հայ ռազմագերիների խնդրին է նաև անդրադարձել ԵԽԽՎ Մոնիթորինգի կենտրոնը՝ ս.թ ապրիլի 21-ին կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին՝ պահպանելով Եռակողմ համաձայնության 8-րդ կետի պայմանավորվածությունը: Վեհաժողովն իր հայտարարությունում կոչ է անում կողմերին ներգրավվել ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքներում, խաղաղ բանակցությունների համատեքստում, սակայն, ինչպես գիտենք, Ադրբեջանը մերժում է բանակցություններ սկսելու այդ ձևաչափը:

Միջազգային իրավապաշտպան կազմակերպություններ

Human Rights Watch

HRW-ը իր առաջին զեկույցը հայ ռազմագերի վերաբերյալ ներկայացրել է 2020թ. դեկտեմբերի 3-ին, որտեղ մասնավորապես նշվում էր, որ ռազմագերիները ենթարկվել են հոգեբանական բռնաճնշման և նվաստացման, ինչի փաստերն առկա են համացանցում տարածված տեսանյութերում: Տեսանյութերի մեծ մասում ադրբեջանցի զինվորների դեմքերը հստակորեն երևում են, ինչը փաստում է, որ նրանք չեն վախենում պատասխանատվության ենթարկվելուց:

HRW-ը մանրակրկիտ ուսումնասիրել էր տարածված բազում տեսանյութերից 14-ը, որտեղ հայ ռազմագերիները ենթարկվում էին կտտանքների:

2021թ. մարտի 19-ին HRW-ը հերթական զեկույցը ներկայացրեց, որտեղ կոչ էր անում Ադրբեջանի ղեկավարությանը պատասխանատվության ենթարկել այն զինվորներին, որոնք անմարդկային վերաբերմունք են ցույց տվել գերիների նկատմամբ, ինչպես նաև ազատ արձակել Բաքվում պահվող մնացած ռազմագերիներին:

HRW-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գրասենյակի ղեկավար Հագ Ուիլլիամսոնը հայտարարեց, որ դաժան վերաբերմունքն ու կտտանքները հայ ռազմագերիների նկատմամբ ռազմական հանցագործություն են: Մարտի 19-ի դրությամբ HRW-ն ուսումնասիրել էր հայ ռազմագերիների մասնակցությամբ 20 տեսագրություն:

HRW-ը նշում է, որ նրանք հանդիպումներ և հարցազրույցներ են ունեցել գերությունից վերադարձածների հետ, ովքեր պատմել են, թե ինչպես են նրանց հետ վարվել Բաքվում: «Տանջանքներն ու ռազմագերիների հանդեպ դաժան վերաբերմունքը ռազմական հանցագործություն է, ինչի համար անհապաղ պետք է պատասխանատվության ենթարկել», — նշում է Ուիլիամսոնը:

Freedom House

2021թ. մայիսի 11-ին Freedom House-ի հրապարակված զեկույցում, Եվրոպայի և Եվրասիայի ծրագրերի ղեկավար Մարկ Բենդիկտը նշում է, որ իրենք կոչ են անում Ադրբեջանի ղեկավարությանը համագործակցել ՄԻԵԴ-ի հետ՝ քննելու հայ ռազմագերի նկատմամբ անմարդկային վերաբերմունքի մասին հաղորդումներն ու բոլոր կալանավորվածներին, անկախ նրանց կարգավիճակից, ապահովել միջազգային մարդասիրական օրենքով պահանջվող միջոցներով և զերծ պահել նրանց կտտանքներից և անմարդկային վերաբերմունքից: Որպես Մարդու իրավունքների վերաբերյալ եվրոպական կոնվոնցիան ստորագրած երկիր, Ադրբեջանը պարտավոր է ամբողջությամբ համագործակցել դատարանի հետ և տրամադրել հարցվող տեղեկությունը՝ ապահովելու նման լուրջ խնդիրների թափանցիկ քննությունը:

Պատերազմից 8 ամիս անց Ադրբեջանը շարունակում է պնդել, որ արտահանձնել է բոլոր հայ ռազմագերիներին և քաղաքացիականներին: Սակայն, Բաքվում դեռևս պահվում են մի խումբ ռազմագերիներ, որոնց նկատմամբ կեղծ քրեական հետապնդում է իրականացվում «ահաբեկչության» և «դիվերսիոն ներթափանցման» շինծու հոդվածներով: 2021 թ. հուլիսի 30-ի դրությամբ 28 հայ ռազմագերի շինծու դատավարությունների արդյունքում «դատապարտվել է» 4-ից մինչև 20 տարի (լիբանանահայ Վիգեն Էլչուկջյան) ազատազրկման և, ի հակառակ Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների և միջազգային իրավունքի կոպիտ խախտմամբ պահվում է Ադրբեջանում: ՀՀ ևս երկու քաղաքացու նկատմամաբ շինծու «դատավարությունը» շարունակվում է:

Ադրբեջանը, անտեսելով վերոնշյալ միջազգային կառույցների և իրավապաշտպան կազմակերպությունների կոչերն ու պահանջները, շարունակում է հայ ռազմագերիների նկատմամբ կեղծ «դատական գործընթացը» և դաժան վերաբերմունքը, որի մասին փաստել են մի շարք իրավապաշտպան կառույցներ:

Այսպիսով, Ադրբեջանը շարունակում է կոպտորեն խախտել նոյեմբերի 10-ի Եռակողմ համաձայնության 8-րդ կետը, ինչը լուրջ խոչնդոտ է տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված գործընթացում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով