«Վերականգնման» քողի տակ մզկիթի վերածվող Սուրբ Ղազանչեցոցը

Ադրբեջանը Արցախի բռնազավթված տարածքներում շարունակում է հայկական մշակույթի հետևողական ոչնչացման և յուրացման քաղաքականությունը: Առաջնային թիրախը հենց պատմական հայկական Շուշի քաղաքն է, որը 2023թ.  ադրբեջանցիները ծրագրում են հայտարարել «Թյուրքական աշխարհի մայրաքաղաք»։  

Արձանագրելով Շուշիում թե՛ պատերազմի ընթացքում, թե՛ պատերազմից հետո ադրբեջանցիների քայլերը՝ հստակ կարող ենք ասել, որ Շուշիում էլ առաջնային թիրախը հենց Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին է։ 

Ավելի վաղ  հայտնել էինք, որ ադրբեջանցիները «վերականգնողական աշխատաքներ» են սկսել Շուշիում՝ ինչպես պաշտոնական քարոզչամեքենան է պնդում՝ վերականգելու եկեղեցու «իրական տեսքը»։ 

Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին բռնազավթումից հետո

Սոցիալական ցանցերում վերջերս Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցուց հրապարակված լուսանկարում երևում է, որ եկեղեցու տարածքում շարունակվում են իրականացվել հայկական մշակութային բոլոր հետքերի վերացման, եկեղեցու հայկական ճարտարապետական հորինվածքի աղավաղման և ձևափոխման աշխատանքները։ 

Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին՝ 1911թ.

Մինչ օրս գմբեթը բացակայում է տաճարից, անգամ վերանորոգված չեն պատերազմի ժամանակ ադրբեջանկան կողմի ռմբակոծման արդյունքում եկեղեցու վնասված հատվածները, ինչը ցանկության դեպքում արդեն կարող էր արված լինել։ Մինչ օրս ադրբեջանական կողմը այդ ուղղությամբ որևէ «աշխատանք» չի կատարել։

Այս ամենը ևս մեկ անգամ փաստում է, որ Ադրբեջանի քայլերը ուղղված չեն իրենց իսկ կողմից վնասված եկեղեցու «վերականգմանը», այլ նպատակ են հետապնդում կեղծ թեզերի օգնությամբ հնարավոր բոլոր միջոցներով ոչնչացնել Արցախի տարածքներում հայկական մշակույթը։

1920թ. Շուշիի հայերի ջարդերի ընթացքում ավերված Ղազանչեցոցը, բացակայում է եկեղեցու գմբեթը

Հիշեցնենք, որ Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու գմբեթը վնասվել էր նաև 1920թ. Շուշիի հայերի ջարդերի ժամանակ և վերակառուցվել էր ըստ նախնական ճարտարապետական պլանի միայն Շուշիի ազատագրումից հետո։ 2020թ. Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ժամանակ Ղազանչեցոց եկեղեցին ենթարկվել է կրկնակի ռմբակոծման։

Մեկ դար անց էլ Ադրբեջանը շարունակում է պայքարել Ղազանչեցոց եկեղեցու դեմ։ 

Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց Մայր տաճարը նախքան 2020թ. պատերազմը, լուսանկարը՝ Helicon Filter-ի
Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին 2020թ. հոկտեմբերի 8-ին ադրբեջանական կողմի կրկնակի ռմբակոծությունից հետո 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով