Սոցցանցերի ադրբեջանական օգտատերերից մեկը Ադրբեջանի կողմից ժամանակավորապես բռնազավթված Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղում մշակութային վանդալիզմը ևս մեկ անգամ փաստող նոր տեսանյութ է հրապարակել։
Տեսանյութը ևս մեկ անգամ, արդեն անհերքելի ապացույց է այն փաստի, որ ադրբեջանցիների վանդալիզմից խիստ տուժել է Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղում ԽՍՀՄ հերոս, ծնունդով Մեծ Թաղեր գյուղից մարշալ Արմենակ Խանփերյանցի ՄիԳ-17 կործանիչը։
Տարածված տեսանյութը ակնհայտ կերպով ապացուցում է, թե ինչպես է կողաշրջված, ջարդված վիճակում գտնվում մարշալի հիշատակը խորհրդանշող կործանիչը։ Ավերված և խղճուկ վիճակում են գտնվում նաև կործանիչի հարակից տարածքում գտնվող շենքերը։
Մարշալ Խանփերյանցի կիսանդրու, տուն-թանգարանի և այդ տարածքում գտնվող կործանիչի նկատմամբ մշակութային վանդալիզմը արձանագրել էինք դեռ ամիսներ առաջ։ Համեմատելով Մեծ Թաղեր գյուղի մի քանի տարվա կտրվածքով արբանյակային լուսանկարները՝ հայտնել էինք, որ, բացի ՄիԳ-17 կործանիչից, ադրբեջանցիները ոչնչացրել են մարշալ Արմենակ Խանփերյանցի կիսանդրին։ Տարածված տեսանյութը՝
Ադրբեջանցիների կողմից սա առաջին դեպքը չէ, որ նպատակաուղղված կերպով ոչնչացնում, ավիրում, ջարդում են նաև Երկրորդ աշխարհամարտին նվիրված հուշարձանները։
2-րդ Համաշխարհային պատերազմին նվիրված հուշարձանների ոչնչացման, պղծման այլ դեպքերի հետ կարող եք ծանոթանալ այս նյութերում։