Արցախյան Երկրորդ պատերազմի ընթացքում հայ գերիները ենթարկվել են խոշտանգումների, ֆիզիկական բռնության: Նրանց նկատմամբ իրականացվել են արժանապատվությունը նվաստացնող գործողություններ, ինչը մարդու իրավունքների կոպտագույն խախտում է:
Ստորև ներկայացված տեսանյութերում հայ զինվորների նկատմամբ գործադրվում է ֆիզիկական բռնություն, նրանց դիմում են վիրավորական արտահայտություններով՝ «անպատկառներ», հայհոյում, հարկադրում կրկնել՝ «Ղարաբաղն Ադրբեջան է», որոշ դեպքերում՝ հարկադրում ողջունել իրենց մերձավորներին, ընկերներին, ծաղրում.
Ներկայացված փաստական տվյալները հստակ կերպով ի ցույց են դնում, որ Ադրբեջանի գործողությունները ենթակա են որակման որպես մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտում և պատերազմական հանցագործություն, հակասում են 1949 թ. Ժնևի կոնվենցիայի 12-րդ և 50-րդ հոդվածներիի, Ժնևյան կոնվենցիաների ընդհանուր 3-րդ հոդվածի և 1977թ. Առաջին և Երկրորդ արձանագրությունների (համապատասխանաբար 75-2 ա և 42-ա հոդվածների) :
Մեկ այլ ուշադրության արժանի հանգամանք է նաև այն փաստը, որ հայ գերիների նկատմամբ նվաստացուցիչ վերաբերմունքը, բռնությունները ցուցադրող տեսանյութերը կազմակերպված կերպով լայնորեն տարածվում էին սոցցանցերի ադրբեջանական տիրույթում և խրախուսվում ադրբեջանցի օգտատերերի մեծ մասի կողմից:
Բռնություններ հայ գերիների նկատմամբ
«Ադրբեջանի փառապանծ բանակի ծեծ-ապտակից շոկի մեջ գտնվող հայ գերի» վերնագրով հրապարակված տեսանյութում ադրբեջանցի զինվորը ապտակում է հայ գերուն, հայհոյում:
Տեսանյությում ադրբեջանցի զինվորը հարվածում է հայ զինվորի գլխին, դեմքին՝ ասելով՝ «Անպատկառ, ի՞նչ գործ ունես Լաչինում, չգիտե՞ս՝ Լաչինն ումն է»:
««Ախ ֆիդայի, ջան ֆիդայի» երաժշտական անսամբլի հերթական համալրումը, որտեղ արդեն Հայաստանի լավագույն ձայներն են հավաքվել» ծաղրական վերնագրով նյութում հայ զինվորը կապկպված աչքերով և ձեռքերով ընկած է գետնին: Ադրբեջանցի զինվորը վիրավորական արտահայտություններ կիրառելով և հայհոյելով ոտքով հարվածում է հայ զինվորի գլխին:
Վերջինս պարբերաբար կրկնում է՝ «Խնդրում եմ, ամեն ինչ կասեմ, էլի կասեմ, ամեն ինչ կասեմ, մի՛ արա, խնդրում եմ»: Տեսանյութում նկատվում է հայկական բանակին պատկանող համազգեստով մեկ այլ գերի՝ կրկին կապկպված և գետնին ընկած վիճակում: Լսվում են նաև ենթադրաբար ցավից բացականչող այլ անձանց ձայներ:
Տեսանյութում կապկպված ձեռքերով մի խումբ հայ գերիներ քայլում են ադրբեջանցի զինվորների ուղեկցությամբ: Վերջիններս այդ ընթացքում պարբերաբար հարվածում են հայ զինվորներին, վիրավորում:
Սույն տեսանյութում ադրբեջանցի զինվորները խոշտանգում են հայ զինվորին, հարվածում ոտքերով և բռունցքով, ծաղրում:
Նույն տեսանյութի երկրորդ հատվածում մեկ այլ հայ զինվորի ևս խոշտանգում են, որից հետո ադրբեջանցի զինվորներից մեկն ասում է՝ «Հիմա մի՛ ծեծիր, կտանենք այնտեղ կծեծենք»:
Հայ գերիների մասնակցությամբ ուսումնասիրված տեսանյութերի մի մասում հայ զինվորին խոշտանգում, կամ ուժի գործադրման սպառնալիքի տակ հարկադրում են կրկնել՝ «Ղարաբաղն Ադրբեջան է»:
Տեսանյութում ծնկի իջեցված հայ գերիներին հարկադրում են մի քանի անգամ կրկնել՝ «Ղարաբաղն Ադրբեջան է»:
Մեկ այլ տեսանյութում ակնհայտ ծանր վիճակում գտնվող զինվորին, որը ակնհայտորեն մեծ ուժ գործադրելով է խոսում, հարկադրում են վիրավորել Նիկոլ Փաշինյանին, մեղադրել վերջինիս իրեն պատերազմական գործողությունների վայր տեղափոխելու, ինչպես նաև սկսված պատերազմի համար:
Տեսանյութում ադրբեջանցի զինվորը բռունցքով հարվածում է հայ զինվորի գլխին, ապա հրահանգում կրկնել վիրավորական արտահայտություն Ն.Փաշինյանի հասցեին: