2020 թ. Արցախի դեմ Ադրբեջանի նախաձեռնած պատերազմի ընթացքում և հետո այդ երկրի մի շարք պետական գործիչներ հանդես են եկել հայերին թիրախավորող ռասիստական հայտարարություններով, որոնք, ինչպես արդեն նշել էինք, կազմակերպված կերպով լայնորեն շրջանառության մեջ են դրվել նաև սոցցանցերի ադրբեջանական օգտատերերի շրջանում:
Ադրբեջանի նախագահի և այլ պաշտոնյաների ելույթներում հայերին «նկարագրելու» համար կիրառվել են «թշնամի», «ֆաշիստ», «անպատիվ և նենգ», «անհավատ», «անմարդկային», «անհայտ ծագման ժողովուրդ», «քարանձավային ցեղ» և այլ նմանաբնույթ վիրավորական և ռասիստական մակդիրներ:
Ադրբեջանի նախագահ Ի. Ալիև.
«…Տեսե՛ք՝ ում հետ էինք մենք դեմ առ դեմ կանգնած և ում մենք պարտության մատնեցինք: Եվս մեկ անգամ ասում եմ՝ մենք ոչ միայն մեր տարածքային ամբողջականությունը վերականգնեցինք, մենք կոտրեցինք հայկական ֆաշիզմի մեջքը: Մենք փրկեցինք տարածաշրջանը հայկական ֆաշիզմից, փրկեցինք աշխարհը հայկական ֆաշիզմից: Սակայն այն կարող է գլուխ բարձրացնել: Բայց մենք թույլ չենք տա: Բոլորը թո՛ղ իմանան: Մենք ցանկացած քայլի կգնանք, մեզ պաշտպանելու համար»:
05.10.2020թ. , Oxu.az – ԱՀ նախագահի օգնական Հիքմեթ Հաջիև.
«Մենք դեմ առ դեմ ենք կանգնած անպատիվ և նենգ թշնամու հետ…»
11.10.2020թ. – Իշխող «Յենի Ազերբայջան» կուսակցության փոխնախագահ Ալի Ահմեդով.
«Թող ողջ աշխարհը լայն բացի աչքերը և տեսնի՝ ինչպիսի նենգ, անհավատ, անմարդկային թշնամու հետ է Ադրբեջանը դեմ առ դեմ կանգնած»:
28.09.2020, Тrend.az — Գիտության և կրթության հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Բախտիյար Ալիև.
«Այս ամենը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ հայերը անհայտ ծագման ժողովուրդ են, որոնք ապրում են քարանձավային ցեղերի պես…»
27.09.2020թ., Apa.az — Ադրբեջանի խորհրդարանի պաշտպանության, անվտանգության և կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Զիյաֆեթ Էսգերով.
«Հայաստանը կատաղած շուն է։ Նրանք չեն հասկանում, որ կատաղած շունը բուժվում է, դրա ասեղն էլ կա: Այսօր այդ ասեղը ադրբեջանական բանակն է զարկել և սրանից հետո էլ է զարկելու»։
11.10.2020թ., Trend.az – Պատգամավոր Ազեր Բադամով.
«Պետք չէ ահաբեկիչների և վայրագների հետ բանակցությունների սեղանի շուրջ նստել, անհրաժեշտ է շարունակել ոչնչացման օպերացիան: Նրանք պետք է ծնկի գան մեր բանակի առջև…»
09.12.2020թ., Yashar Huseyn. Բաքվի զորահանդեսում Ադրբեջանի ԶՈւ կոչերի վերաբերյալ
Դեկտեմբերի 10-ին Բաքվում անցկացվող զորահանդեսի փորձի ժամանակ ադրբեջանական զորքը վանկարկել է՝ «Ո՞վ է ախր հայը։ Կոչնչացնե՛նք թշնամուն»: